12 հունվարի 2010 - 16:07 AMT
Անկարան ղարաբաղյան հակամարտության մեջ առանցքային խաղացող չէ


Թուրքիայի համար Ռուսաստանի հետ հարաբերությունները կարեւոր են էներգետիկ առումոց, քանի որ երկրները մի շարք նախագծեր են իրականացնում այդ ոլորտում: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Ռազմավարական մշակույթի հիմնադրամի գլխավոր տնօրենի տեղակալ Անդրեյ Արեշեւը: Ընդ որում, նա մեկնաբանեց Ռուսաստանի եւ Թուրքիայի վարչապետների առաջիկա հանդիպումը Մոսկվայում, եւ Հայաստանի ու Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպումը Երեւանում` ասելով, որ հանդիպումներն, ամենայն հավանականությամբ, տարբեր բնույթ են կրելու: «Ռուսաստանի եւ Թուրքիայի հարաբերություններն առանց այդ էլ պարզ չեն էներգետիկայի ոլորտում, եւ եթե դա կապենք Հարավային Կովկասի հետ, ապա ամեն ինչ կխճճվի»,- նշեց Արեշեւը:

Նա անդրադարձավ նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցին եւ հակամարտության շուտափույթ կարգավորման հարցում Թուրքիայի շահագրգռվածությանը` ասելով, որ թեեւ Թուրքիան կարող է ազդել որոշ հարցերի վրա, ղարաբաղյան հակամարտության մեջ հիմնական խաղացողներն են մնում Հայաստանը, Լեռնային Ղարաբաղն ու Ադրբեջանը: «Չնայած տարածաշրջանում իր ակտիվությանը, Անկարան այդ հարցում առանցքային խաղացող չէ եւ չի կարող ճեղքման հասնել»:

Արեշեւը մեկնաբանեց նաեւ Ռուսաստանին ուղղված թուրքական կողմի խնդրանքը` ավելի ակտիվ լինել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում` ասելով, որ Ռուսաստանն առանց այդ էլ անում է այն ամենը, ինչ կարող է, եւ որ այդ երկիրը չի կարող միայն մի կողմին օժանդակել: