15 հունվարի 2010 - 17:13 AMT
Էներգետիկ հարցերին նվիրված գագաթնաժողովը Բաթումում ձախողվել է
Էներգետիկ հարցերին նվիրված գագաթնաժողովը Բաթումում, որը հունվարի 14-ին պետք է բացեր Վրաստանի նախագահ Միխաիլ Սահակաշվիլին, ձախողվել է: Հանդիպմանը, որտեղ նախատեսվում էր քննարկել ՌԴ-ն շրջանցող կասպից ածխաջրածինների տեղափոխման երթուղիները, ոչ մի երկրի նախագահ չի ժամանել: Արդյունքում Վրաստանի նախագահն եւս չժամանեց, իսկ գագաթնաժողովը վերածվեց փորձագետների խորհրդաժողովի:

Ենթադրվում էր, որ Բաթում կժամանեն Ադրբեջանի, Լատվիայի, Լիտվայի, Լեհաստանի ու Ուկրաինայի նախագահները, իսկ Ղազախստանը, Թուրքմենստանն ու Ուզբեկստանը մտադիր էին գործուղել իրենց վարչապետներին կամ էներգետիկայի նախարարներին: Գագաթնաժողովի չեն ժամանել նաեւ ԱՄՆ-ի ներկայացուցիչները, հաղորդում է Lenta.ru-ն:

Հանդիպման արդյունքում մասնակիցները պետք է հռչակագիր ստորագրեին Nabucco եւ White Stream գազամուղների կառուցման վերաբերյալ:

White Stream նախագիծը մշակել է բրիտանական White Stream Pipeline բրիտանական ընկերությունը: Նրա հզորությունն առաջին փուլում պետք է լինի տարեկան 8 մլրդ խմ գազ` երեք անգամ ավելանալու հեռանկարով: Այս նախագծով ենթադրվում է գազատար անցկացնել Կենտրոնական Ասիայից դեպի ԵՄ երկրներ Վրաստանի ու Ուկրաինայի տարածքով:

ԵՄ երկրները մասնակցում են եւս մեկ գազամուղի մշակման աշխատանքներին, որը եւս պետք է շրջանցի ՌԴ-ն` Nabucco նախագծին: Այստեղ դեռեւս պարզ չէ, թե ով է մատակարարելու գազը: Այդ հարցը լուծված չէ նաեւ White Stream-ի դեպքում:

Nabucco-ի վերաբերյալ համաձայնագիրը կնքվել է 2009թ. հուլիսի կեսին: Փաստաթուղթը ստորագրել են Թուրքիան, Ավստրիան, Հունգարիան, Բուլղարիան եւ Ռումինիան: Խողովակաշարի նախագիծը գնահատվում է 7,9 մլրդ դոլար եւ նախատեսում է գազի առաքում դեպի եվրոպական երկրներ Ադրբեջանի, Վրաստանի, Թուրքիայի, Բուլղարիայի, Հունգարիայի, Ռումինիայի ու Ավստրիայի տարածքով: Այն կդառնա արդեն կառուցված Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղի շարունակությունը եւ տարեկան կտեղափոխի շուրջ 31 մլրդ խմ գազ: Գազամուղի շինարարությունը նախատեսվում է սկսել 2010 թ., իսկ գազի առաքումները` 2014-ին: