15 հունվարի 2010 - 19:49 AMT
Շախմատի աշխարհի թիմային առաջնությունում 5-րդ տեղը զբաղեցրած հայ շախմատիստները չմնացին առանց մեդալների
Թուրքիայի Բուրսա քաղաքում տեղի ունեցած Շախմատի աշխարհի թիմային առաջնությունում ՀՀ հավաքականը 9 տուրերի արդյունքում (4 հաղթանակ, 2 ոչ ոքի եւ 2 պարտություն) 10 միավորով (17,5) գրավեց 5-րդ տեղը: Սակայն հայ գրոսմայստերներն առանց մեդալների չմնացին:

Լեւոն Արոնյանը առաջին խաղատախտակի վրա ցույց տվեց երկրորդ արդյունքն ու նվաճեց արծաթե մեդալ: Վլադիմիր Հակոբյանը (2-րդ խաղատախտակ), Գաբրիել Սարգսյանը (3-րդ խաղատախտակ) եւ Արման Փաշիկյանը (4-րդ խաղատախտակ) երրորդն էին եւ նվաճեցին բրոնզե մեդալներ:

ՖԻԴԵ-ի Շախմատի աշխարհի թիմային առաջնությունն անց է կացվում 1985 թվականից: Առաջնությանը մասնակցում են աշխարհի 10 ուժեղագույն հավաքականները, որոնք ընտրվում են շախմատի օլիմպիադաների եւ թիմային մայրցամաքային առաջնությունների արդյունքում: Մրցաշարն անցնում է շրջանակային համակարգով: Առաջին առաջնության ժամանակ խաղերն անցել են 6 տախտակի վրա, իսկ հետագայում` 4 տախտակի: Առաջին չորս մրցաշարերն անցել են շվեյցարական Լյուցեռն քաղաքում, հետագայում որոշվել է մրցումներն անցկացնել տարբեր քաղաքներում: 2001 թվականին առաջնությունը տեղի ունեցավ Երեւանում: 1997, 2001 եւ 2005 թվականներին Հայաստանը դարձել է առաջնության բրոնզե մրցանակակիր: