19 հունվարի 2010 - 11:34 AMT
Հունվարի 19-ին լրացավ Հրանտ Դինքի սպանության երեք տարին
Հրանտ Դինքը ցնցեց սփյուռքին` կանգնելով թուրքական դատարանի առջեւ «ցեղասպանություն» բառեզրի օգտագործման համար, որից հետո սպանվեց: Այդ մասին հայտարարել է թուրք պատմաբան, «A Shameful Act» գրքի հեղինակ Թաներ Աքչամը: Ինչպես PanARMENIAN.Net-ին է հաղորդել անկախ ֆրանսիացի լրագրող Ժան Էքիյանը, Աքչամը Փարիզ կատարած իր այցի ժամանակ հիշեցրել է, որ 2007 թվականի հունվարի 5-ին «Ռոյթերս» գործակալությանը տված հարցազրույցում Դինքն ասել է. «Մենք պետք է աղաղակենք, որ Ցեղասպանություն է եղել, եւ ես մտադիր եմ դա անել դատարանում»:

Ըստ թուրք պատմաբանի, հայ-թուրքական հաշտեցմանը խանգարում է այն, որ Սփյուռքը արդարություն է պահանջում, իսկ Թուրքիան` ազատություն եւ ժողովրդավարություն: «Սակայն այդ ցանկությունները պետք է սկիզբ հանդիսանան երկու երկրների քաղաքացիական հասարակությունների միջեւ երկխոսության հաստատման համար: Այդպիսով մենք կգանք Հայոց ցեղասպանության վերջնական ճանաչման եւ հաշտեցման, եւ մենք պետք է դա անենք»,-ասել է Աքչամը:

Հրանտ Դինքին սպանել են 2007 թ. հունվարի 19-ին, Ստամբուլում, «Ակոս» թերթի խմբագրության առջեւ: Ավելի քան երկու տարի ձգվող դատավարությունից հետո մարդասպաններն այդպես էլ չդատապարտվեցին: Գործի քնության արդյունքում, նորանոր մանրամասներ են ի հայտ գալիս, մասնավորապես «Էրգենեկոն» ահաբեկչական կազմակերպության մասնակցությունն այդ սպանությանը: Հրանտ Դինքին սպանել է 18-ամյա Օգյուն Սամասթը: Դատական նիստերից մեկի ժամանակ պարզվել էր, որ սպանության անմիջական պատվիրատուն միանգամայն այլ մարդ էր: Հրանտ Դինքի սպանությունից հետո Թուրքիան լքեց Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը, որին նույնպես սպառնում էին ֆիզիկական հաշվեհարդարով:

Թաներ Աքչամը առաջին թուրք գիտնականներից է, ով իր հրապարակումներում եւ դասախոսություններում ընդգծում է թուրքական կառավարության կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման անհրաժեշտությունը: 2008 թվականին Աքչամը նշանակվեց Մասաչուսեթս նահանգի Քլարքի համալսարանի ցեղասպանությունների եւ Հոլոքոսթի հետազոտությունների կենտրոնի ղեկավար:

Թաներ Աքչամը արտագաղթել է Թուրքիայից 1978 թվականին` դառնալով առաջին քաղաքական էմիգրանտը: Նա ԱՄՆ տեղափոխվեց եւ մինչ 2002 թվականը դասավանդում էր Մինեսոթայի համալսարանի պատմական ֆակուլտետում: Վերջին անգամ նա Թուրքիայում է եղել 2007 թվականին, մասնակցելու համար իր մերձավոր ընկերոջ` հայ-թուրքական «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի հուղարկավորությանը:

Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` շուրջ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:

Դեռեւս Ցեղասպանության իրագործման տարիներին` 1915-23թթ. տերությունները ընդունեցին հայերի կոտորածը դատապարտող բանաձեւեր: ԱՄՆ-ն երեք անգամ (1916, 1919, 1920) նմանատիպ բանաձեւեր է ընդունել, սակայն դա չկասեցրեց Օսմանյան կայրսւթյան գործողությունները: 1915թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան եւ Ռուսաստանը հանդես եկան համատեղ հռչակագրով` դատապարտելով հայերի բնաջնջումը:

Հայոց ցեղասպանությունը ճանաչվել եւ դատապարտվել է աշխարհի շատ երկրների եւ ազդեցիկ միջազգային կազմակերպությունների կողմից: Պաշտոնապաես առաջինը Հայոց ցեղասպանությունն ընդունել եւ դատապարտել է Ուրուգվայը 1965թ.: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաեւ Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի խտրականության կասեցման եւ փոքրամասնությունների պաշտպանության կանխարգելման ենթահանձնաժողովը, ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների գծով հանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Հայերի ոչնչացումը պաշտոնապես ցեղասպանություն են ճանաչել Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Բելգիան, Շվեդիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսի Հանրապետությունը, Լիբանանը, Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Կանադան, Վատիկանը, Ավստրալիան, ԱՄՆ-ի 44 նահանգները:

Բելգիայում եւ Շվեդիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն է սահմանված (45 հազար եվրո տուգանքից մինչեւ 1 տարվա ազատազրկում): 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանն օրինագիծ ընդունեց, որի համաձայն Հայոց ցեղասպանության ժխտումը կքրեականացվի, ինչպես Հոլոքոսթը:

Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաեւ մի շարք ազդեցիկ ԶԼՄ-ներ` The New York Tumes-ը, BBC-ին, The Washington Post-ը, THe Associated Press-ը:
Հայոց ցեղասպանության ճանաչումը պարտադիր պայման է ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության համար:

Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը եւ վարում է այդ փաստի ժխտման ներքին եւ արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը: