19 հունվարի 2010 - 12:26 AMT
Թուրքիայի ԱԳՆ-ն մեկնաբանել է Հայաստանի ՍԴ որոշումն Արձանագրությունների վերաբերյալ
Թուրքիայի ԱԳ նախարարությունը պաշտոնապես մեկնաբանել է Հայաստանի ՍԴ որոշումը Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Արձանագրությունների մասին: Ինչպես ասվում է Թուրքիայի ԱԳՆ կայքէջում զետեղված հաղորդագրության մեջ, ՀՀ ՍԴ որոշման հիմնավորումը նախապայմաններ է պարունակում եւ սահմանափակում է դրույթները` խախտելով Արձանագրությունների տառն ու ոգին:

«2010 թվականի հունվարի 12-ին Հայաստանի ՍԴ-ն երկրի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց 2009թ. հոկտեմբերի 10-ին ստորագրված Արձանագրությունները: ՍԴ որոշումը հրապարակվել է սեղմ տեքստով: Այդ որոշումը խարխլում է Արձանագրությունների շուրջ բանակցությունների էությունը, ինչպես նաեւ հիմնական նպատակները: Նման մոտեցումը չի կարող ընդունվել մեր կողմից»,-ասվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ:

Հաղորդագրության մեջ ասվում է, որ Թուրքիան, ըստ ստանձնած պարտավորությունների, հավատարիմ է մնում Արձանագրությունների դրույթներին եւ նույնն է ակնկալում նաեւ հայկական կողմից:

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: ՍԴ եզրակացության մեջ ոչ մի նախապայման չկա, քանի որ դա հակասում է որոշումների կայացման կարգին: