19 հունվարի 2010 - 16:51 AMT
Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը մարել է իր անվանական պարտատոմսերը
«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն 2010 թվականի հունվարի 13-ին մարել է ընդհանուր ծավալով 1 մլրդ դրամի իր անվանական պարտատոմսերը (HSBCB1), հաղորդում է բանկի մամլո ծառայությունը:
Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, բանկը մարել է 100,000 ՀՀ դրամ անվանական արժեքով, 365 օր մարման ժամկետով եւ տարեկան 9% ե
կամտաբերությամբ արժեկտրոնային 10 000 հատ անվական պարտատոմսեր: Պարտատոմսերը ցուցակագրված էին Bbond բորսայական ցուցակում:
Պարտատոմսերի ազդագրով նախատեսված կարգով պարտատոմսերի անվանական արժեքը եւ կուտակված տոկոսագումարը` 1 090 000 000 (մեկ միլիարդ իննսուն միլիոն) ՀՀ դրամ ընդհանուր ծավալով, վճարվել են ներդրողների բանկային հաշիվներին 2010-ի հունվարի 14-ին:
Բորսայական շուկայում (բացառությամբ ռեպո գործարքների) պարտատոմսերի շրջանառությունը կազմել է 520 մլն 307,6 հազ. դրամ: Բանկի պարտատոմսերով բորսայական գործարքների միջին եկամտաբերությունը կազմել է 10,98%:
Բանկը հիմնադրվել է 1995 թվականին, իր գործունեությունը սկսել 1996 թվականին` «Միդլենդ Արմենիա Բանկ» ԲԸ անվան տակ, իսկ 1998-ին վերանվանվել է «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի: Բանկը համատեղ հիմնադրվել է «Էյչ-Էս-Բի-Սի» Խմբի, որին պատկանում են բաժնետոմսերի 70%-ը, եւ սփյուռքահայ ներդրողների կողմից: Բանկը հանդիսանում է Bankmail եւ SWIFT վճարային համակարգերի անդամ:
Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը «The Banker» առաջատար ամսագրի կողմից ճանաչվել է «Հայաստանում 2009 թվականի բանկ»: Բանկի ձեռքբերումների թվին «The Banker» ամսագիրը դասել է ակտիվների աճը 16,9%ով, ինչպես նաեւ բանկի հետեւողական քաղաքականությունը հաճախորդներին բարձրորակ ծառայություններ մատուցելու ուղղությամբ: