19 հունվարի 2010 - 19:04 AMT
ԱբՀաբեր. Հայաստանը Թուրքիայի գլխավոր թշնամիներից մեկն է մնում
Անկարայի համալսարանին կից Եվրոպական համայնքների հետազոտությունների կենտրոնի անցկացրած հարցման համաձայն, Թուրքիայի գլխավոր թշնամիներից են ԱՄՆ, այնուհետեւ Հայաստանը: Հարցման ենթարկվածների 37.5 տոկոսը թշնամի է համարում ԱՄՆ-ն, 10.9 տոկոսը` Հայաստանը, 10.6 տոկոսը` Իսրայելը, 6.1 տոկոսը` Հունաստանը, 5.1 տոկոսը` Ֆրանսիան: Հարցվածների 29.9 տոկոսը Թուրքիայի բարեկամ է համարել Ադրբեջանը, 15.7 տոկոսը`Հյուսիսային Կիպրոսի Թուրքիայի Հանրապետությունը:
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման արձանագրությունների Թուրքիայի վավերացման կողմ են արտահայտվել հարցվածների 69.7 տոկոսը: Սակայն արտահայտվողները վերապահումներ էին անում, ինչպես, օրինակ` 35 տոկոսը վավերացման նախապայման է համարել «Ադրբեջանի տարածքից հայերի դուրսբերումը», 28.6 տոկոսը` Հայերի ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարվելը, միայն 6.1 տոկոսն է համաձայնել առանց նախապայմանների վավերացմանը:
Հարցումը կատարվել է 2009 թ. դեկտեմբերի 31-ին` Թուրքիայի ինը գավառներում, Անկարայում եւ Ստամբուլում: 1032 հարցվածների մեջ եղել են ուսանողներ, հասարակական գործիչներ, մտավորականության ներկայացուցիչներ, հաղորդում է ԱբՀաբերը:
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին արձանագրությունները ստորագրվել են 2009 թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Այն ստորագրել են Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլին` ներկայությամբ Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Շվեյցարիայի ԱԳ նախարարների: Շվեյցարիան 2007 թ.-ից միջորդ է հայ-թուրքական բանակցություններում: Ստորագրված փաստաթղթի համաձայն, երկու երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993 թ. փակված հայ-թուրքական սահմանը:
2010 թ. հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանը որոշում է կայացրել, որով արձանագրությունները ճանաչվում են ՀՀ Սահմանադրությանը համապատասխան: