21 հունվարի 2010 - 17:54 AMT
ԵՀՄՖ-ն ամեն ինչ կանի, որպեսզի ներկայացնի Եվրոպային Թուրքիայի անվճռականությունը
Եվրոպայի հայկական միությունների ֆորումը (ԵՀՄՖ) օժանդակում է Հայաստանի նախագահի ու ՀՀ ԱԳ նախարարի քայլերը` ուղղված հայ-թուրքական Արձանագրությունների վերաբերյալ Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշումների կատարմանը: Այդ մասին ասվում է PanARMENIAN.Net ուղարկված հայտարարության մեջ:

«ԵՀՄՖ նախագահությունը գտնում է, որ Հայաստանը կատարում է բոլոր այն պարտավորությունները, որոնք նախատեսված են ստորագրված Արձանագրություններով»,- ասվում է հայտարարության մեջ: Եվրոպայի հայկական միությունների ֆորումը քննադատեց նաեւ ՀՀ ՍԴ որոշման վերաբերյալ Թուրքիայի վարչապետի ու ԱԳ նախարարի հայտարարությունները, որոնք հայտարարեցին, որ դա Արձանագրությունների վավերացումից հրաժարվելու փորձ է:

«ԵՀՄՖ-ն ամեն ինչ կանի, որպեսզի ներկայացնի Եվրոպային Թուրքիայի իշխանությունների անվճռական քայլերը: Եթե մոտ ժամանակներս Արձանագրությունները չվավերացվեն Թուրքիայի խորհրդարանի կողմից, ապա գործընթացի ձախողման համար ողջ պատասխանատվությունը` դրանից բխող բոլոր հետեւանքներով կընկնի թուրքական իշխանությունների վրա»,- ասվում է հայտարարության մեջ:

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: ՍԴ որոշման մեջ Արձանագրությունների վերաբերյալ ոչ մի նախապայմաններ չկան, քանի որ դա հակասում է վճռի կայացման սահմանված կանոնին: ՍԴ վճիռը հայտնում է. հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն ու Հայաստանի Անկախության մասին հռչակագրին:

Եվրոպայի հայկական միությունների ֆորումը (ԵՀՄՖ) հիմնվել է 2003 թվականի մարտին Արեւելյան ու Կենտրոնական Եվրոպայի հայ համայնքների գործողությունների համակարգման համար: Կազմակերպության նախագահը Աշոտ Գրիգորյանն է` Սլովակիայի հայ համայնքի ղեկավարը: