22 հունվարի 2010 - 17:41 AMT
Անկարան ձգտում է համաշխարհային հասարակության առջեւ «սեւերես» չմնալ
Միամտություն կլինի կարծել, թե Թուրքիայի ԱԳ նախարարությունում միայն երեկ ծանոթացան Հայաստանի Սահմանադրության տեքստին կամ Հայաստանի անկախության հռչակագրին: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի Հայ ազգային կոնգրեսի նախագահ Աշոտ Ավանեսյանը, մեկնաբանելով Թուրքիայի ԱԳ նախարարի հայտարարությունը հայ-թուրքական հարաբերությունների մասին արձանագրությունների վերաբերյալ ՀՀ ՍԴ որոշման առիթով: «Թուրքիան դժվար կացության մեջ հայտնվելով, փորձում է «սեւերես» չմնալ համաշխարհային հասարակության առջեւ, հենց այդ պատճառով էլ փորձեր են արվում Հայաստանի իշխանություններին ներքաշելու անպետք բանավեճի մեջ: Թուրքիան պետք է հաշտվի իր պատմության հետ եւ Հայաստանի հետ լուծի պատմական փակուղուց իր դուրս գալու հարցը», - ընդգծել է Ավանեսյանը, գրում է Analitika.at.ua:

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին արձանագրությունները ստորագրվել են 2009 թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Այն ստորագրել են Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլին` ներկայությամբ Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Շվեյցարիայի ԱԳ նախարարների: Շվեյցարիան 2007 թ.-ից միջորդ է հայ-թուրքական բանակցություններում: Ստորագրված փաստաթղթի համաձայն, երկու երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993 թ. փակված հայ-թուրքական սահմանը:

2010 թ. հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանը որոշում է կայացրել, որով արձանագրությունները ճանաչվում են ՀՀ Սահմանադրությանը համապատասխան:

Թուրքիայի ԱԳՆ-ն պաշտոնապես մեկնաբանել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին արձանագրությունների վերաբերյալ ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումը: Թուրքիայի ԱԳՆ-ի կայքէջը գրում է, որ ՀՀ ՍԴ որոշման հիմքում ընկած են նախապայմաններ եւ սահմանափակող դրույթներ, որոնք խախտում են արձանագրությունների ոգին եւ տառը:

«2010 թ. հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանը որոշում է կայացրել, որով արձանագրությունները ճանաչվում են ՀՀ Սահմանադրությանը համապատասխան: Այդ որոշումը խախտում է արձանագրությունների առիթով բանակցությունների ողջ իմաստն ու հիմնական նպատակները: Այդպիսի մոտեցումը մենք չենք կարող ընդունել», - գրված է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ: