22 հունվարի 2010 - 18:24 AMT
2010-ին ՀՀ Վերահսկիչ պալատն իր ուշադրությունը կկենտրոնացնի կրթության ոլորտի վրա
«Երկրի պետական կառույցներում, բացի Սահմանադրական դատարանից, անցկացվող մեր բոլոր ուսումնասիրությունները, ցավոք, բացասական արդյունքներ տվեցին»,- լրագրողների հետ զրույցում հայտնեց Հայաստանի Վերահսկիչ պալատի (ՎՊ) նախագահ Իշխան Զաքարյանը ՎՊ աշխատակազմի հետ Հայաստանի նախագահի հանդիպումից հետո:

Զաքարյանի խոսքով, երկու տարվա ընթացքում իրականացվող ուսումնասիրությունների արդյունքում ՎՊ-ն հսկայական խախտումներ ու պետական միջոցների չարաշահումներ է արձանագրել, մասնավորապես, Մշակույթի նախարարությունում եւ պետական ունեցվածքի վարչության ոլորտում, որոնք լուրջ մտավախություններ են առաջ բերում:

Վերահսկիչ պալատի ղեկավարը հաղորդեց, որ 21 խախտումների վերաբերյալ գործերը Գլխավոր դատախազություն են ուղարկվել եւ քրեական գործեր են հարուցվել:

Իշխան Զաքարյանը նկատեց նաեւ, որ «Վերահսկիչ պալատի մասին» ՀՀ օրենքում արդեն ներմուծված փոփոխությունը հնարավորություն կտա, որպեսզի քրեա-իրավական խախտումներ հայտնաբերելու դեպքում ՎՊ-ն ուղղակիորեն դատախազություն դիմի:

Նա ընդգծեց, որ 2010 թվականին Վերահսկիչ պալատը ուսումնասիրություններ է կատարելու կրթության ոլորտում, Գիտությունների ակադեմիային կից ինստիտուտներում եւ ՀՀ պետբյուջեի վարկային ծրագրերում: