22 հունվարի 2010 - 19:12 AMT
ԵԱՀԿ ՄԽ պաշտոնական Երեւանին ներկայացրել է բարեփոխված Մադրիդյան սկզբունքներ
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովը (ՌԴ), Բեռնար Ֆասիեն(Ֆրանսիա) եւ Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ) հայտարարություն են տարածել. «Հունվարի 20-ին ԵԱՀԿ ՄԽ Երեւանում հանդիպել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Համաձայն 2009 թ. հուլիսին Ակվիլա քաղաքում ԵԱՀԿ ՄԽ համանախագահ-երկրների նախագահների տված հանձնարարության, դեկտեմբերին Բաքու կատարած այցի ընթացքում Մադրիդյան սկզբունքների բարենորոգված տարբերակը, որ ներկայացվել էր այդ երկրի նախագահին, ներկայացնել նաեւ Սերժ Սարգսյանին»:

Միջնորդների հայտարարության մեջ նաեւ ասվում է, որ հանդիպումների ընթացքում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները բանակցությունները շարունակելու ցանկություն են հայտնել, որպեսզի հասնեն ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը: «ԵԱՀԿ ՄԽ հմանախագահները գտնվում են Աստանայում` խորհրդատվություններ անցկացնելու նպատակով: Այդ խորհրդատվություններն ավարտելուց հետո միջնորդները մեկնելու են Սոչի, որտեղ պետք է տեղի ունենա Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպումը»:

Արցախի Հանրապետություն (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն) - 1923 թ. առանց հաշվի առնելու Լեռնային Ղարաբաղի հայ ազգաբնակչության կարծիքը, ԿԿ Կովկասի բյուրոն որոշում է ընդունում ԼՂՀ-ն Ադրբեջանական ԽՍՀ կազմի մեջ ներգրավելու մասին եւ ձեւավորում է ԼՂ ինքնավար Մարզ: 65 տարի անց ԼՂԻՄ-ում սկիզբ է առնում ազգային շարժում, որը պահանջում էր մայր հայրենիքին` Հայաստանին վերամիավորում: Սակայն ԽՍՀՄ իշխանությունները չեն աջակցում ժողովրդի ցանկությանը: 1991 թ. դեկտեմբերի 10-ին ԼՂԻՄ-ում տեղի է ունենում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հանրաքվե, իսկ դեկտեմբերի 28-ին տեղի են ունենում խորհրդարանական ընտրություններ, որի արդյունքում էլ ձեւավորվում է ԼՂՀ առաջին կառավարությունը:

2007 թ. նոյեմբերին ԵԱՀԿ Մադրիդում վեհաժողովի ժամանակ ընդունվեց Մադրիդյան սկզբունքները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մասին: Փաստաթղթի մանրամասները չեն հրապարակվել:

ԵԱՀԿ Մինսկի խումբը - 1992 թ. մարտի 24-ին ԵԱՀԿ անդամ երկրների նախարարների խորհրդի արտակարգ նիստում որոշում է ընդունվում Մինսկում միջազգային համաժողով հրավիրել` Լեռնային Ղարաբաղի հարցը լսելու համար: Մինսկի համաժողովի նախապատրաստման գործընթացին մասնակցում էին Բուլղարիան, Գերմանիան, Իտալիան, Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Թուրքիան, Ֆրանսիան, Չեխոսլովակիան, Շվեդիան: Համաժողովի ընթացքում հիմնադրվեց Մինսկի խմբի համանախագահների ինստիտուտը: