23 հունվարի 2010 - 17:06 AMT
«Կորուս» շախմատի փառատոնի 6-րդ տուրում Վարուժան Հակոբյանը ոչ ոքի ավարտեց իր պարտիան Խարիկրիշնա Պենտալի հետ
Հունվարի 22-ին կայացավ Վեյկ-ան-Զեե քաղաքում (Հոլանդիա) ընթացող «Կորուս» շախմատի փառատոնի 6-րդ տուրը: «B» տուրնիրում ԱՄՆ-ն ներկայացնող հայ շախմատիստ Վարուժան Հակոբյանը հանդիպեց հնդիկ գրոսմայստեր Խարիկրիշնա Պենտալի հետ: Պարտիան ոչ ոքի ավաչտվեց:

Հակոբյանը 1,5 միավոր ունի եւ 13-14-րդ տեղերն է կիսում Դմիտրի Ռեյդերմանի (Հոլանդիա) հետ: 7-րդ տուրում Հակոբյանն իր ուժերը կչափի Մլիվիյու-Դիետեր Նիսիպյանուի (Ռումինիա) հետ:

Շախմատային փառատոնը կավարտվի հունվարի 31-ին:

Վարուժան Հակոբյանը հայ գրոսմայստեր է: 1992թ. նա 3-րդն էր Հայաստանի պատանեկան առաջնությունում: Պատանիների աշխարհի առաջնությունում Հակոբյանը գրավեց 8-րդ տեղը 50 մասնակիցների թվում: 2002թ. ի վեր նա հանդես է գալիս ԱՄՆ դրոշի տակ, իսկ 2005թ. Alajuela Open Champion մրցաշարում գրավեց 8-րդ տեղը: 2006-ին Հակոբյանը շախմատի օլիմպիադայում ԱՄՆ հավաքականի կազմում դարձավ բրոնզե մրցանակակիր: 2007թ. նա երկրորդն էր World Open Champion մրցաշարում, իսկ 2008-ին դարձավ Chicago Open-ի հաղթողը:

Հոլանդիայի Վեյկ-ան-Զեե քաղաքի Շախմատի փառատոնը միջազգային մրցաշար է, որը տեղի է ունենում ամեն տարի: Ժամանակի հսկողությունը հետեւյալն է` 2 ժամ 40 քայլի համար, այնուհետեւ 1 ժամ 20 քայլի համար եւ 15 րոպե մինչ պարտիայի ավարտը` 30 վայրկյան հավելումներով 61-րդ քայլից սկսած, եթե մասնակիցներն ունեն միավորների նույն քանակը: 14 գրոսմայստերներ խաղում են շրջանակային համակարգով «A», «B» եւ «C» մրցաշարերում: 2008 թվականին մրցաշարի հաղթող է դարձել հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը: