30 հունվարի 2002 - 23:18 AMT
ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՐՔԵԼ Է ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԱԶԳԵՆ ՍԱՐՔՍՅԱՆԻ ԴԵՄ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐ ՀԱՐՈՒՑԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հայաստանի Գլխավոր դատախազությունը հերքել է հանրապետության մի շարք զանգվածային լրատվամիջոցների հաղորդագրությունները այն մասին, որ 1999 թվականի հոկտեմբերին Հայաստանի խորհրդարանում իրագործված ահաբեկչության արդյունքում զոհված, վարչապետ Վազգեն Սարգսյանի դեմ երկու քրեական գործ է հարուցվել: Ինչպես հաղորդել են «Արմինֆո» գործակալությանը գլխավոր դատախազության մամլո ծառայությունում, ոչ մի քրեական գործ Վազգեն Սարքսյանի դեմ չի հարուցվել: Դատախազությունում գտնում են, որ այդ թեմայով շահարկումների հիմք կարող էր ծառայել 1995 թվականի հունիսի 21-ի միջադեպը Բուսաբանական այգում, որի ընթացքում «աչքի է ընկել» ՀՀ ՆԳՆ քրեական պատիժների կատարման վարչության նախկին պետ Մուշեղ Սաղաթելյանը, որին մեղադրանք էր ներկայացվել ծառայողական իրավասությունների չարաշահման համար: Այդ գործի շրջանակներում, որպես վկա հարցաքննված, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախկին անդամ Վովա Հախվերդյանը հայտարարել է, որ 1996 թվականի սեպտեմբերի 26-ի նախագահական ընտրություններից հետո նրա հանդեպ բռնացել է ոչ թե Մուշեղ Սաղաթելյանը, այլ Վազգեն Սարքսյանն ու նրա թիկնապահ Մովսես Գեղանգուլյանը: Սակայն, հետագայում Գլխավոր դատախազությունը այդ հայտարարությունը հաստատող լուրջ ապացույցներ չի ստացել: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: