30 հունվարի 2002 - 23:15 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ԻՐ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ՈՒՆԵՑՎԱԾՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը առաջիններից մեկն է հայտարարագիր ներկայացրել համապատասխան ծառայություններին իր եկամուտների եւ ունեցվածքի վերաբերյալ: Հայտարարագրեր են ներկայացրել նաեւ վարչապետ Անդրանիկ Մարքարյանը, խորհրդարանի ղեկավարները, կառավարության որոշ անդամներ: Հիշեցնենք, որ համաձայն օրենքի բարձաստիճան պետական ծառայողները պարտավոր են իրենց եկամուտների եւ ունեցվածքի մասին հայտարարագրերը հանձնել փետրվարի մեկից ոչ ուշ: Այնինչ, այսօրվա դրությամբ համապատասխան ծառայություններ են ներկայացվել ընդամենը 300 հայտարարագիր: Ընդհանուր առմամբ, Հայաստանում կան մոտավորապես երեք հազար անձ, որոնց վրա տարածվում է օրենքի պահանջը: Դրանց թվում են` նախագահը, կառավարության անդամները, խորհրդարանի պատգամավորները, նախարարների տեղակալները, դատավորները, համայնքների եւ մունիցիպալ տարածքների ղեկավարները: Հայտարարագրեր պետք է ներկայացնեն եւ բարձաստիճան պետական պաշտոնյաների մոտիկ ազգականները: Հաշվի առնելով վերջիններիս` իրենց եկամուտները եւ ունեցվածքը պետք է հայտարարագրեն մոտ 10-12 հազար մարդ: Ժամանակին հայտարարագրեր չներկայացնելու դեպքում, օրենքը նախատեսում է տուգանք 50 հազար դրամի չափով: Օրենքը նախատեսում է նաեւ ներկայացված տեղեկությունների վերահսկման կարգը, սակայն այդ կարգը կառավարության կողմից դեռեւս չի հաստատվել: Պետական պաշտոնյաների եկամուտների եւ ունեցվածքի վերաբերյալ տեղեկատվությունը պետք է հրապարակվի զանգվածային լրատվական միջոցներում ընթացիկ տարվա կեսերին:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: