29 հունվարի 2002 - 22:28 AMT
ՓԵՏՐՎԱՐԻՑ ԼՂՀ-ՈՒՄ ԿՍԿՍՎԵՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԸ ԿԱՊԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ
Փետրվարի մեկից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հեռահաղորդակցության կապի ապահովմամբ կզբաղվի «Ղարաբաղ-Տելեկոմ» կազմակերպությունը: Ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը` վկայակոչելով «Արցախկապ» ձեռնարկության եւ «Ղարաբաղ-Տելեկոմ» ընկերության համատեղ հայտարարությունը, մաշված եւ հնացած սարքավորումները կփոխարինվեն կապի նոր, ժամանակակից միջոցներով: ԼՂՀ բնակիչները հնարավորություն կստանան օգտվել բջջային JSM կապից հանրապետության ողջ տարածքում: Հեռահաղորդակցության ծառայությունների սակագները փոփոխման չեն ենթարկվի: Բաժանորդներին առաջարկվում է «Արցախկապի» հանդեպ ունեցած բոլոր պարտքերը մարել մինչեւ 2002 թվականի փետրվարի 25-ը: Գործարքին վերաբերող այլ մանրամասներ հայտարարությունում չեն տեղեկացվում` «Արցախկապ» ձեռնարկության եւ «ԱրմենՏել» ընկերության հարաբերությունների լարվածության պատճառով: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: