16 հունվարի 2002 - 22:27 AMT
ԹՈՒՐՔԻԱՆ ԱՄՆ-Ի ՃՆՇՄԱՆ ՏԱԿ ՀԱՄԱՁԱՅՆԵԼ Է ՄԵՂՄԱՑՆԵԼ ԱՆՑԱԳՐԱՅԻՆ ՌԵԺԻՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Թուրքիայի ղեկավարությունը որոշել է մեղմացնել անցագրային ռեժիմը Հայաստանի քաղաքացիների համար: Հիշեցնենք, որ անցագրային ռեժիմը խստացվել էր նախանցյալ տարվա մայիսին: Թուրքական իշխանությունները որոշել էին այդ կերպ արձագանքել աշխարհում Հայոց ցեղասպանության փաստի ճանաչման մասշտաբների ընդլայնմանը: Միջոցների խստությունը կայանում էր նրանում, որ Հայաստանի քաղաքացիները ստիպված էին մուտքի վիզա ստանալ ոչ թե Թուրքիայի սահմանին, այլ Թուրքիայի դեսպանատանը ցանկացած երկրում: Նոր տարվանից այդ սահմանափակումը վերացվում է եւ մտցվում է նախկին ռեժիմը: Այդ քայլը Անկարայում անվանում են բարի կամքի դրսեւորում: Ընդ որում, հայտնի է, որ անցագրային ռեժիմի մեղմացման մասին որոշումը ընդունվել է Թուրքիայի վարչապետ Բյուլենթ Էջեվիթի Վաշինգտոն կատարած այցի ընթացքում: Այս հանգամանքը թույլ է տալիս ենթադրել, որ խստացված անցագրային ռեժիմը վերացվել է Միացյալ Նահանգների ճնշման ազդեցությամբ: Այդպիսի կարծիք է հայտնում, մասնավորապես, «Սթար» թերթը, որի համաձայն «Բուշի աշխատակազմի սկզբունքայնությունը, որը պնդում է Թուրքիայի եւ Հայաստանի հարաբերությունների բարելավման անհրաժեշտությունը, կապված է հայկական լոբբիի ակնհայտ ակտիվացման հետ»: Այդ պարբերականի մեկնաբանի կարծիքով, Ամերիկայի հայերը ունեն բավականաչափ լծակներ, որոնք թույլ են տալիս «կոնգրեսի միջոցով լուրջ խոչնդոտներ ստեղծել Թուրքիային տնտեսական եւ ռազմական օգնություն ցույց տվող կառավարական ծրագրերին»:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: