«Ինչպես Հայաստանի զինված ուժերում, այնպես էլ ԼՂՀ պաշտպանության բանակում կան հատուկ ստորաբաժանումներ, որոնց առջեւ ընդլայնման խնդիր է դրված»,-ասել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Երեւանի պետական համալսարանի ուսանողների եւ դասախոսական կազմի հետ հանդիպման ժամանակ:
Ըստ Օհանյանի, ՀՀ բանակն ապագայում կհամալրվի խառը համակարգով, այսինքն, այնտեղ պետք է լինեն եւ զորակոչիկներ, եւ պայմանագրային ծառայողներ, եւ հատուկ ստորաբաժանումներ:
ՀՀ ՊՆ ղեկավարը նշել է, որ սեղմ ժամկետում բանակը զգալի արդյունքների է հասել զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանների ապահովման եւ արդյունավետ ուսումնական գործընթացի կազմակերպման գործում, ինչը չի կարելի ասել ԽՍՀՄ նախկին երկրների մեծամասնության մասին:
«Հայ երիտասարդների շատ ներկայացուցիչներ չեն ցանկանում ծառայել բանակում: Այդ մասին ասում են նրանք, ովքեր ոչ կանոնադրական հարաբերություներ են ունեցել իրենց հրամանատարների հետ: Եթե զինծառայողներից կամ այստեղ ներկաներից որեւէ մեկի մոտ կան մտահոգող փաստեր այդ կապակցությամբ, ապա ազատ դիմեք, եւ մենք կաշխատենք լուծել դրանք»,-ասել է Օհանյանը:
Նախարարը նաեւ նշել է, որ զինծառայողների եւ հրամանատարների միջեւ պետք է լավ մարդկային հարաբերություններ լինեն: «Եվ եթե հրամանատարը հրաման է տալիս իր ենթականերին, ապա նա առաջին հերթին պետք է կատարի պարտավորությունների իր մասը»,-նշել է Հայաստանի պաշտպանության նախարարը: