5 փետրվարի 2010 - 16:15 AMT
Արարատբանկը մեկնարկ տվեց վաճառքի մինի-կենտրոնների ծրագրին


Երեւանի կենտրոնում` մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանում, բացվել է Արարատբանկի առաջին վաճառքի մինի-կենտրոնը՝ «Երիտասարդական» մասնաճյուղը: Այդ մասին 2010 թվականի փետրվարի 5-ին Երեւանում հաղորդեց Արարատբանկի վարչության նախագահ, գործադիր տնօրեն Աշոտ Օսիպյանը:

Դեռեւս 2009-ին բանկի ղեկավարը հայտարարել էր Արարատբանկի մասնաճյուղային ցանցի ընդլայնմանը զուգահեռ Երեւանի բոլոր համայնքների մարդաշատ կենտրոններում, հետագայում նաեւ մարզերում Արարատբանկի վաճառքի մինի-կենտրոններ ստեղծելու մասին:

Աշոտ Օսիպյանի խոսքով, այս ընդգրկուն ծրագրի նպատակն է Արարատբանկի բանկային մանրածախ ծառայություններն ավելի մոտեցնել հաճախորդին, հնարավորություն ընձեռել հասարակության ամենատարբեր շերտերին անմիջականորեն օգտվելու Արարատբանկի բանկային արտադրանքներից՝ առանց բանկի գլխավոր գրասենյակ կամ խոշոր մասնաճյուղեր այցելելու:

Արարատբանկի վաճառքի մինի-կենտրոններում ցանկացած մարդ կարող է օգտվել տեղական եւ միջազգային պլաստիկ քարտերով մատուցվող ծառայություններից, միջազգային արագ դրամական փոխանցումներից, հաշիվների սպասարկումից, դրամի փոխանակման, կոմունալ վճարումների եւ տասնյակ այլ ծառայություններից: Մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանում բացված Արարատբանկի առաջին վաճառքի մինի-կենտրոնը, որն իր բարձր որակավորում ունեցող անձնակազմով մատուցում է վերը նշյալ բոլոր ծառայությունները, կահավորված է ժամանակակից բանկային տեխնոլոգիաներին հատուկ սարքավորումներով, ունի ժամանակակից բանկային դիզայն եւ շատ հարմարավետ է հաճախորդների արագ եւ որակյալ սպասարկման համար:

Արարատբանկը ձեւավորվել է Հայաստանի ֆինանսական շուկայում 1991թ. գործող «Արմսվյազբանկի» վերակազմավորման արդյունքում: Բանկի բաժնետոմսերի շուրջ 74 տոկոսը ներկայումս պատկանում է «Ֆլեշ» ՍՊԸ-ին, որը գործում է մեծածախ եւ մանրածախ առեւտրի ոլորտում, իսկ 25 տոկոսը` Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկին:

Վարկային պորտֆելը կազմում է 16,175 մլրդ դրամ, աճը 2008թ. համեմատ կազմել է 33 տոկոս:

2009թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի ընդհանուր ակտիվները կազմում են 41,342 մլրդ դրամ, աճը, 2008թ. համեմատ կազմում է 11,342 մլրդ դրամ կամ 39,5 տոկոս: Պարտավորությունները կազմում են 33,494 մլրդ դրամ, աճը 2008թ. համեմատ կազմում է 11,406 մլրդ դրամ կամ 51,6 տոկոս: Ընդհանուր կապիտալը կազմում է 7,848 մլրդ դրամ, որը 2008 թ. համեմատ կավելանա 304 մլն դրամով կամ 4 տոկոսով: Մաքուր շահույթը կկազմի 580 մլն դրամ:

2009թ. ընթացքում Արարատբանկի հաճախորդների թիվն աճել է 35,5 հազարով կամ 106,9 տոկոսով` կազմելով 68,6 հազար: Պլաստիկ քարտերի քանակը ավելացել է 16,9 հազարով կամ 79,3 տոկոսով` կազմելով 38,2 հազար: