4 փետրվարի 2010 - 19:30 AMT
Կովկասում հնարավոր պատերազմի մասին ԱՄՆ Սենատի Հետախուզության կոմիտեի հայտարարությունները վերաբերում էին Բաքվին


Այն, որ ԱՄՆ Սենատի Հետախուզության կոմիտեում տեղի ունեցած լսումներում խոսվում էր հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում առաջընթացի առկայության մասին, Թուրքիային ուղղված հաճոյախոսություն չէ: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտնեց Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ACNIS) տնօրեն Ռիչարդ Գիրագոսյանը:

Մեկնաբանելով ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն Դեննիս Բլերի հայտարարությունները Կովկասում պատերազմի հնարավոր ծավալման մասին` Գիրագոսյանն ասաց, որ այն ուղղված էր Ադրբեջանին, քանի որ զեկույցում շատ պարզ ասված է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կարող է պատերազմի հանգեցնել: «Միակ երկիրը, որը դեմ է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, Ադրբեջանն է»,- ասաց Գիրագոսյանը` ավելացնելով, որ զեկույցը կազմելիս յուրաքանչյուր բառ ունի իր յուրահատուկ եւ կոնկրետ նշանակությունը:

Նա նկատեց նաեւ, որ զեկույցում ոչ մի անգամ չի հիշատակվում Թուրքիան, ինչը կարող է վկայել այն մասին, որ այդ երկիրն ԱՄՆ համար ոչ մի առանձնակի մեծ նշանակություն չունի:

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: ՍԴ որոշման մեջ Արձանագրությունների վերաբերյալ ոչ մի նախապայմաններ չկան, քանի որ դա հակասում է վճռի կայացման սահմանված կանոնին: ՍԴ վճիռը հայտնում է. հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն ու Հայաստանի Անկախության մասին հռչակագրին: