Հունվարի 28-29-ին Երեւանում տեղի կունենա «Vivacell-MTS եւ Հայաստանի Հանրային հեռուստատեսության գավաթ» բասկետբոլային առաջնությունը:
Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին հաղորդեցին «Հատիս» ակումբի մամլո ծառայությունից, առաջնությանը կմասնակցեն երեւանյան «Հատիսը», Վրաստանի հավաքականն ու «Օմենետմեն Բեյրութը»:
Նախապես առաջնությանը պետք է նաեւ այլ թիմեր մասնակցեին, սակայն նրանցից որոշները հրաժարվեցին ֆինանսական խնդիրների պատճառով:
Մրցաշարն ավանդական է դառնալու եւ ամեն տարի մասնակիցները թիվն ավելանալու է:
Առաջնությունից հետո «Հատիսի» օտարերկրյա մասնակիցները տուն կվերադառնան ու Երեւան կժամանեն ամռանը, որպեսզի մասնակցեն Եվրոգավաթին:
«Հատիս» բասկետբոլային ակումբը Հայաստանի բոլոր ժամանակների ամենատիտղոսակիր թիմն է: ԽՍՀՄ-ի օրոք Աբովյանի «Հատիս» կանանց թիմը մեծ հաջողությամբ հանդես է եկել ԽՍՀՄ-ում անցկացվող խոշոր մրցաշարերում, իսկ 1988 թվականին նվաճել է ԽՍՀՄ-ի գավաթը:
ԽՍՀՄ-ի փլուզումից հետո դադարեց գործունեությունը «Հատիսը»: «Հատիսը» մի պահ վերածնվեց 1999 թվականին, սակայն միայն տղամարդկանց թիմի տեսքով եւ կարճ ժամանակ անց լուծարվեց:
2009 թվականի գարնանը հնարավոր եղավ կրկին ասպարեզ դուրս բերել «Հատիս» բասկետբոլային ակումբին: «Հատիսը» ունեցավ կանանց եւ տղամարդկանց թիմեր, որոնք իրենց ելույթները սկսեցին Հայաստանի բարձրագույն խմբերի առաջնություններում:
2009 թվականի աշնանը ակումբը սկսել է ելույթ ունենալ Եվրոգավաթի 2009-2010 թթ առաջնությանը: Նորաստեղծ ակումբը կարողացավ հաղթահարել խմբային փուլի արգելքը եւ դուրս մնաց 1/16 եզրափակչում: