Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների գագաթաժողովը Սոչիում դժվար թե նկատելի արդյունքների կբերի ու առավել եւս չի փոխի Լեռնային Ղարաբաղի շուրջ իրադրությունը: Այդ մասին հայտնեց Մոսկովյան Կարնեգի կենտրոնի փորձագետ Ալեքսեյ Մալաշենկոն: Նրա կարծիքով, այդուհանդերձ, Սոչիում կայացած հանդիպումը ձեւական կամ անիմաստ չի կարելի անվանել: «Առավել եւս, որ վերջին ամիսներին տարածաշրջանում այնպիսի զգացողություն է առաջացել, որ միանգամայն հնարավոր է բանակցային գործընթացը փակուղուց հանելու փոխզիջումային մոտեցում շոշափել:
Նախ եւ առաջ այդ հույսերը կապված են Անկարայի կտրուկ ակտիվացած արտաքին քաղաքականության հետ եւ հայ-թուրքական հարաբերությունների նկատվող բարելավման հետ: Թուրքիան ու Հայաստանը Շվեյցարիայում սահմանի բացման եւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին Արձանագրություններ ստորագրեցին: Դրա փոխարեն թուրքերը հույս ունեին զիջումներ ստանալ Երեւանից, մասնավորապես` հայկական զորքերի դուրսբերումը Ադրբեջանի որոշ շրջաններից»,- նշեց փորձագետը:
Մալաշենկոյի խոսքով, նոր խաղի անհապաղ միացավ նաեւ Ռուսաստանը, որն այդ խաղում սեփական դրույքներն ունի: «Բացի ղարաբաղյան կարգավորումից Մոսկվան շահագրգռված է Թուրքիայի հետ առավել ակտիվ տնտեսական հարաբերությունների, նախ եւ առաջ` «Հարավային հոսք» խողովակաշարի շինարարության արագացման հարցում, այդ գազատարով ռուսական գազը կմատակարարվի Եվրոպա:
Բայց եւ այնպես, հիշեցում այն մասին, որ ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ ցանկացած էյֆորիա վաղաժամ է, եղավ Հայաստանի յուրահատուկ դիրքորոշումը, նա առանձնապես բերկրանք չապրեց թուրք-ռուսական մերձեցումից: Այդ առիթով Մոսկվան ստիպված եղավ համոզել իր ռազմավարական գործընկերոջը ղարաբաղյան հիմնահարցում ավելի ճկուն լինելու անհրաժեշտության մեջ: Սակայն Երեւանում անսպասելի համառություն դրսեւորեցին` դրանով իսկ կասկածի տակ դնելով եւ հայ-թուրքական մերձեցումը, եւ Ղարաբաղի շուրջ նոր տեղաշարժերը»,- ընդգծեց նա:
Ռուս փորձագետը նկատեց նաեւ, որ Մոսկվայում գիտակցում են, որ նրա ներգրավվածությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ Կովկասում ռուսական ներկայության որոշիչ գործոններից մեկն է: «Ռուսաստանն առաջնորդվում է «գլխավորը ոչ թե հաղթանակն է, այլ մասնակցությունը» օլիմպիական սկզբունքով, որին հետեւելւ վաղ, թե ուշ տալիս է իր պտուղները»,- նշեց Մալաշենկոն, գրում է «Կոմերսանտը»:
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: ՍԴ որոշման մեջ Արձանագրությունների վերաբերյալ ոչ մի նախապայմաններ չկան, քանի որ դա հակասում է վճռի կայացման սահմանված կանոնին: ՍԴ որոշման համաձայն Հայ-թուրքական արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն ու Հայաստանի Անկախության մասին հռչակագրին: