26 հունվարի 2010 - 16:28 AMT
Հայաստանում հայտարարվել է «Հայապահպանության պահպանման գործում ունեցած մեծ ավանդի համար» մրցույթը


Հունվարի 26-ին ՀՀ սփյուռքի նախարարությունը եւ Համաշխարհային հայկական կոնգրեսը (ՀՀԿ) հայտարարել են «Հայապահպանության պահպանման գործում ունեցած մեծ ավանդի համար» ամենամյա համահայկական մրցույթի մեկնարկի մասին:

«Մեր նպատակն է խթանել հայապահպանությունը Սփյուռքում, ապահովել աշխարհասփյուռ հայերի միասնությունը, ինչպես նաեւ ըստ արժանվույն գնահատել կազմակերպությունների եւ մասնավոր անձանց ավանդը այդ կարեւոր գործում»,-ասել է Ռուսաստանի հայերի միության նախագահի տեղակալ Արամ Սարգսյանը:

Ըստ նրա, մրցույթին կարող են մասնակցել սփյուռքում գործող հայկական կազմակերպությունները` ուսումնական հաստատությունները, հայկական ԶԼՄ-ները, համայնքային կառույցները, հայագիտական կենտրոնները, ինչպես նաեւ առանձին ընտանիքներ:

«2010թ. մրցանակները կհանձնվեն երկու անվանակարգերում` «Լավագույն հայկական ուսումնական հաստատություն» եւ «Լավագույն հայկական ԶԼՄ»: Արդեն ստեղծվել են հատուկ մրցութային հանձնաժողովներ: Գլխավոր պարգեւներից բացի, մասնակիցները նաեւ խրախուսական մրցանակներ կստանան, որոնք կհանձնվեն հոկտեմբերին պարգեւատրման արարողության ժամանակ: Յուրաքանչյուր անվանակարգում հաղթողը 15 հազար դոլար կստանա»»-ասել է Արամ Սարգսյանը:

Բոլոր ցանկացողները կարող են հայտեր ներկայացնել մինչեւ 2010թ. մարտի 30-ը:

Համաշխարհային հայկական կոնգրեսը հիմնվել է Մոսկվայում 2003թ.: Կոնգրեսի գլխավոր նպատակն է համախմբել աշխարհասփյուռ հայությանը ազգային գաղափարների շուրջ, առաջին հերթին նպաստելով ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացմանը, հայկական պետականության պահպանմանն ու ամրապնդմանը: