26 հունվարի 2010 - 17:41 AMT
Արամ Առաջինը կոչ է անում հայերին այցելել Տեր Զոր անապատ եւ հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերին


Նկատի ունենալով Սիրիայում գտնվող Տեր-Զոր անապատի հատուկ կարեւորությունը Հայոց ցեղասպանության եւ ընդհանրապես ազգային պահանջատիրության պատմության մեջ, 2002թ. ի վեր Մեծ Տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը Տեր Զորը հռչակեց համազգային ուխտատեղի: Այս նախաձեռնությանը սատարեց Հայ Առաքելական եկեղեցին:

Ստեղծվեց Տեր Զորի համալիրի եւ շրջակա Մարկատեի եւ այլ եկեղեցիների ու նահատակման վայրերի հատուկ տեսչություն: Տեսուչ նշանակվեց Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության միաբան, վարդապետ Վահան Բերբերյանը: Ուխտագնացության պատասխանատու հայտարարվեց հատուկ կենտրանական հանձնախումբը, որի անդամակցում են լիբանանահայ համայնքի ներկայացուցիչներ: Այդ կառույցներն աշխատում են Արամ Առաջինի հաստատած կանոնադրությամբ:

Արամ Առաջինը կոչ է անում հայերին այցելել Տեր Զոր եւ հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերին:

Տեր-Զորը անապատ է Սիրիայում, երիտթուրքերի կազմակերպած «գաղթի» վերջնական կետը: 1916թ. երիտթուրքերը պաշտոնանկ արեցին Տեր Զորի նահանգապետ Ալի Սուադին, որն ազգությամբ արաբ էր, բռնագաղթված հայերին ոչնչացնելուց հրաժարվելու համար: Այդ պաշտոնում նշանակվեց Սալիհ Զեքին, ով հայտնի էր իր անողոքությամբ: Զեքիի նշանակման պես բռնագաղթվածների ոչնչացման գործընթացը նոր թափ ստացավ: Ներկայումս Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մատուռում պահվում է Հայոց ցեղասպանության նահատակների աճյունը:

Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` շուրջ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: