4 փետրվարի 2010 - 17:40 AMT
Թուրքիայի վարած քաղաքականությունը կարող է զայրացնել Բարաք Օբամային


Թուրքիայի վարած քաղաքականությունը կարող է նպաստել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի ակտիվացմանը: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը: Ըստ նրա, սա առաջին դեպքն է, երբ գերտերությունների դիրքորոշումները համընկնում են եւ նրանք բոլորը կողմ են հանդես գալիս հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը: Ըստ Կիրակոսյանի, Անկարայի վարած քաղաքականությունը կարող է զայրացնել գերտերությունների ներկայացուցիչներին, որի հետեւանքով, նրանք կարող են օգտագործել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը որպես Թուրքիայի վրա ճնշում գործադրելու լծակ:

Ընդ որում, նա նշել է, որ Արձանագրությունների վավերացման գործընթացն ավելի շուտ կվատթարանա, քան դեպի լավը կգնա:

Անդրադառնալով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Սթեյնբերգի առաջիկա այցին ԱՄՆ` Կիրակոսյանն ասել է, որ ըստ ժամանակացույցի տեսանելի է, որ նրա այցը կապված չէ ղարաբաղյան խնդրի հետ: Ըստ նրա, Սթեյնբերգի այցը կարելի է դիտարկել որպես Թուրքիային ուղղված ազդանշան, որպեսզի նա արագացնի Արձանագրությունների վավերացման գործընթացը:

«Թուրքիան սխալ կգործի, եթե դառնա առաջին երկիրն, որը կզայրացնի ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային»,-ասել է Կիրակոսյանը` հավելելով, որ արդյունքում ԱՄՆ նախագահը ստիպված կլինի ցույց տալ ուժեղ առաջնորդի իր հատկությունները:

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: ՍԴ որոշման մեջ Արձանագրությունների վերաբերյալ ոչ մի նախապայմաններ չկան, քանի որ դա հակասում է վճռի կայացման սահմանված կանոնին: ՍԴ վճիռը հայտնում է. հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն ու Հայաստանի Անկախության մասին հռչակագրին: