26 հունվարի 2010 - 21:21 AMT
Միքայել Դովլաթյան. Գլխավորն այն է, որ «Սասնա ծռերը» մուլտֆիլմը կնպաստի երեխաների զարգացմանը


Հայ ռեժիսոր Միքայել Դովլաթյանը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում իր կարծիքն է հայտնել «Սասնա ծռեր» հայկական լիամետրաժ անիմացիոն ֆիլմի մասին, որի առաջին ցուցադրությունը հունվարի 25-ին «Մոսկվա» կինոթատրոնում անցավ անշլագով:

«Սասնա ծռերը» հետաքրքիր ու բարդ աշխատանք է, որն անպայման կարեւոր դերակատարություն կունենա ժամանակակից հայ հասարակության մեջ, հատկապես երիտասարդների շրջանում: Ցավոք, այսօր երեխաները հակված չեն ընթերցանության, եւ ես վատհ եմ, որ «Սասնա ծռեր» ֆիլմը կարող է հետաքրքրություն առաջացնել եւ նպաստել նրան, որ էպոսը ընթերցեն: Եվ դա արդեն մեծ նվաճում է»,-PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում պարզաբանել է կինոռեժիսորը:

Մ.Դովլաթյանը նշել է նաեւ, որ ֆիլմը զերծ չէ տեխնիկական թերություններից:

«Սասնա ծռեր» 80-րոպեանոց անիմացիոն ֆիլմը նկարահանվել է 8 տարվա ընթացքում: Նախապատրաստական աշխատանքները սկսվեցին 2001 թվականին, իսկ նկարահանումները` 2002-ին եւ շարունակվեցին մինչեւ 2009 թվականի դեկտեմբերը:

Համանուն հայկական էպոսի հիման վրա նկարահանված «Սասնա ծռեր» անիմացիոն ֆիլմի բյուջեն կազմել է 350 միլիոն դրամ, որից 10 միլիոնը հատկացրել է Grand Candy ընկերությունը:

Ընդհանուր առմամբ «Սասնա ծռեր» ֆիլմի վրա աշխատած անիմատորների ստեղծագործական խմբի մեջ 8 հոգի էր մտնում:

Սցենարի հեղինակն ու գլխավոր ռեժիսորը Արման Մանարյանն է, նկարող-բեմադրիչը` Վարդան Զաքարյանը:

Ֆիլմը հնչյունավորել են հայկական կինոյի եւ թատրոնի ամենահայտնի վարպետները` Կարեն Ջանիբեկյանը, Երվանդ Մանարյանը, Վահագն Գրիգորյանը, Ժենյա Ավետիսյանը, Խորեն Աբրահամյանը եւ ուրիշներ:

«Սասնա ծռերը» առաջին հայկական լիամետրաժ անիմացիոն ֆիլմն է, «Սասնա ծռեր» հայկական էպոսի առաջին էկրանավորումը:

Միքայել Դովլաթյանը ռեժիսոր է, սցենարիստ, դերասան: Ծնվել է Երեւանում 1958թ. 1974-77թթ. սովորել է Երեւանի գեղարվեստաթատերական ինստիտուտում: 1981թ. ավարտել է Կինեմատոգրաֆիայի համառուսաստանյան պետական ինստիտուտի («ՎԳԻԿ») ռեժիսորական բաժինը` Ալեքսանդր Ստոլպերի արվեստանոց: Նկարահանվել է «Ապրեցեք երկար» (1979), «Գիշերվա մեջ ցոլացող կրակ» (1984), «Մենավոր ընկուզենի» (1986), եւ այլ ֆիլմերում: Նա հանդիսանում է «Սիրամարգի կանչը» (1983), «Դեմքով դեպի պատը» (1990), «Լաբիրինթոս» (1994) ֆիլմերի ռեժիսորը, վերոնշյալ ֆիլմերից երկուսի սցենարիստն է: