Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը նամակ է հղել ՀՀ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանին, որտեղ տեղեկացրել է, որ իր հանձնարարությամբ աշխատակազմի աշխատակիցները 26.01.2010թ. հանդիպել են ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում կալանք կրող Սասուն Միքայելյանին: Միքայելյանը հայտնել է, որ ունի սրտի հետ կապված խնդիրներ, որի կապակցությամբ անհրաժեշտ է իրականացնել սրտի եւ սրտանոթների հետազոտություն, ինչը անհնար է կատարել ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում: Խնդրել է՝ հնարավորության դեպքում հետազոտությունը կատարվի «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում:
Բացի դա, Ս. Միքայելյանը հայտնել է նաեւ, որ պատերազմական գործողությունների ընթացքում ստացված բեկորային վնասվածքի հետեւանքով որոշ բեկորներ չեն հեռացվել իր աջ ոտքից, ինչը ուժգին ցավեր է առաջացնում իր մոտ:
«Ելնելով վերոգրյալից՝ խնդրում եմ քննարկել դատապարտյալ Ս. Միքայելյանի՝ «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում հետազոտություն անցկացնելու, ինչպես նաեւ հնարավորության դեպքում միջոցներ ձեռնարկել լուծելու դատապարտյալ Ս. Միքայելյանի ոտքի վիրահատության հետ կապված խնդիրը»,-ասվում է օմբուդսմենի նամակում: