Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ցմահ ազատազրկման դատապարտված Մ. Ենոքյանի եւ Ս. Քոչարյանի` «Նուբարաշեն» ՔԿՀ-ից փախուստի դիմելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի` ՔԿՀ-ի հինգ աշխատակիցների մասով նախաքննությունը:
Նախաքննությամբ պարզվել է, ծանր հանցագործություններ կատարելու համար ցմահ ազատազրկման դատապարտված «Նուբարաշեն» ՔԿՀ-ի դատապարտյալներ Մհեր Ենոքյանը եւ Սողոմոն Քոչարյանը, հանցավոր համաձայնության գալով, 2009թ. ամռանը պլանավորել են փախուստ կատարել ազատազրկման վայրից` նախօրոք ուսումնասիրելով քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների աշխատաոճը եւ համոզվելով, որ վերջիններս ծառայության նկատմամբ դրսեւորում են անփույթ վերաբերմունք:
Փախուստն իրագործելու նպատակով Մ. Ենոքյանը եւ Ս. Քոչարյանը «Նուբարաշեն» ՔԿՀ տնտմասի դատապարտյալ Կիմ Հայրապետյանից նախապես ձեռք բերած եւ խցում թաքցրած սղոցի կտորներով երեքից չորս ամիս կտրել են ՔԿՀ-ի թիվ 1 զբոսախցի տանիքի մետաղյա ճաղավանդակը: Բացի այդ` իրենց տրամադրության տակ ունենալով բավարար քանակության եւ տեսակի թելեր, տեւական ժամանակ մնալով առանց հսկողության` 9,5 եւ 2 մետր երկարության պարաններ են հյուսել, որոնց միջոցով էլ 2009թ. նոյեմբերի 27-ին ` ժամը 17:00-ի սահմաններում, հիշյալ ՔԿ հիմնարկի թիվ 1 զբոսախցի տանիքի ճաղավանդակի կտրված հատվածի միջով անցնելով, դիմել են փախուստի:
Օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում 2009թ. դեկտեմբերի 18-ին` ժամը 17:45-ի սահմաններում, Երեւանի Ամիրյան-Զաքյան փողոցների խաչմերուկում հայտնաբերվել է Մ. Ենոքյանը, իսկ նույն օրը` ժամը 23:00-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Մուղնի գյուղից հայտնաբերվել է նաեւ Ս. Քոչարյանը:
Քննության ընթացքում պարզվել է, որ Մ. Ենոքյանի եւ Ս. Քոչարյանի կողմից պլանավորված փախուստը հաջողվել է իրականացնել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի աշխատակիցներ ՔԿ հիմնարկի ցերեկային հերթափոխի ավագ Աղասի Սմբատյանի, նույն հերթափոխի ծառայողներ Արա Աթաբեկյանի եւ Վանիկ Հարությունյանի, ՔԿ հիմնարկի ցմահ ազատազրկման դատապարտվածների պահպանության բաժնի պետ Սերժիկ Թամրազյանի, անվտանգության ապահովման բաժնի պետ Սեդրակ Արթենյանի կողմից դատապարտվածներին պահելու վայրերի ներքին կանոնակարգի, ինչպես նաեւ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետի 2009թ. նոյեմբերի 9-ի հրամանի պահանջները խախտելու եւ չկատարելու հետեւանքով:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա` Աղասի Սմբատյանին, Սերժիկ Թամրազյանին, Սեդրակ Արթենյանին, Արա Աթաբեկյանին եւ Վանիկ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասով:
Նրանց մասով քրեական գործն անջատվել է առանձին վարույթ եւ ուղարկվել է Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` ըստ էության քննելու համար:
Երեք մեղադրյալների մասով նախաքննությունը շարունակվում է: