3 փետրվարի 2010 - 21:21 AMT
Վրաստանում բնակվող հայերի խնդիրները միշտ գտնվում են հայ-վրացական հարաբերությունների օրակարգում


«Բնականաբար հայ-վրացական տնտեսական հարցերով միջկառավարական հանձնաժողովի նիստի ընթացքում քննարկվել են Վրաստանում գոյություն ունեցող հայերեն լեզվի եւ հայկական եկեղեցիների իրավաբանական կարգավիճակի խնդիրները», - ՀՀ ԱԺ-ի կառավարական ժամի ընթացքում ասել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Սարգսյանի խոսքերով, հայ-վրացական տնտեսական հարցերով միջկառավարական հանձնաժողովի վերջին նիստում կողմերը պայմանավորվածության են հասել այն բանի վերաբերյալ, որ Վրաստանը այլեւս բացասական չի վերաբերվի Հայոց լեզվի ուսուցիչների վերապատրաստմանը Հայաստանում: «Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաեւ այն մասին, որ հայկական եկեղեցիները կվերականգնվեն»-ասել է Սարգսյանը:

Նա նաեւ ավելացրել է, որ Վրաստանի ղեկավարությունը հստակ չի հայտնել իր դիրքորոշումը հայկական եկեղեցիների կարգավիճակի վերաբերյալ, ինչի պատճառով այդ հարցը չէր ընդգրկվել այդ պայմանավորվածություններում:

Ջավախքն հնուց ի վեր բնակեցված է եղել հայերով, ինչի մասին վկայում են ինչպես հայկական, այնպես էլ վրացական, արաբական, թուրքական եւ այլ աղբյուրները: Ըստ վրաց Լեոնտի Մրովելիի աղբյուրի, IV դարի սկզբում Ջավախքի բնակչության խոսակցական լեզուն հայերենն էր:

Սակայն թուրքական տիրապետության հաստատումը զգալի ազդեցություն ունեցավ Ջավախքի ազգային կազմի վրա: Աստիճանաբար, երկրամասի քրիստոնյա բնակչությունը, եւ առաջին հերթին հայ բնակչությունը, նվազում էր, իսկ դրա փոխարեն ավելանում էր մահմեդական բնակչության քանակը, հիմնականում լազերի եւ չերքեզների հաշվին: 18դ. վերջում Ջավախքը կորցրեց իր բնիկ հայ բնակչության զգալի մասը, որի մի հատվածը տեղափոխվեց այլ տարածքներ, իսկ մի մասն ուղղակի ոչնչացվեց:

Ջավախքի միացումը Ռուսաստանին մեծ նշանակություն ունեցավ հայ բնակչության նորմալ կյանքի եւ գործունեության համար: Երկրամասը դարձավ Կովկասի առեւտրի ու արհեստագործության ամենամեծ կենտրոններից մեկը, Կարապետ Բագրատունու ջանքերով բացվեց Մեսրոպյան հայտնի դպրոցը: Ջավախքում են ծնվել եւ մեծացել հայ ժողովրդի բազմաթիվ ականավոր գործիչներ` գրողներ Դերենիկ Դեմիրճյանն ու Վահան Տերյանը, ԵՊՀ առաջին ռեկտոր Հակոբ Մանադյանը, Հայաստանի Առաջին Հանրապետության սպարապետ Ռուբեն Տեր-Մինասյանը եւ շատ ուրիշներ: Հայաստանի Հանրապետության չորս վարչապետներից երկուսը` Հովհաննես Քաջազնունին եւ Համո Օհանջանյանը եւս ծննդով Ախալքալաքից են:

1921թ. փետրվարին Ջավախք կրկին ներխուժեցին թուրքական զորքերը: Վրացական զորքերը, ինչպես եւ 1918թ., կրկին ոչ մի օգնություն ցույց չտվեցին այդ շրջանի հայ բնակչությանը, որը ստիպված էր սեփական ուժերով դիմադրել թուրքական զորքերին: Թուրքական զորքերի ներխուժման, սովի եւ հիվանդությունների արդյունքում 1918-1921թթ. Ախալքալաքի շրջանում զոհվեց հայ բնակչության շուրջ 50 տոկոսը:

Ներկայումս Ջավախքի հայերը պայքարում են Վրաստանի կազմում ինքնավարության հասնելու համար: