2 փետրվարի 2010 - 17:03 AMT
Թուրքիան քննադատում է Իսրայելին եւ միաժամանակ հերքում Հայոց ցեղասպանությունը


Լոնդոնում հրատարակվող արաբական Hayat թերթը լուրջ քննադատության է ենթարկել արաբական աշխարհի հանդեպ Թուրքիայի քաղաքականությունը: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց Բեյրութի «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Քանդահարյանը, թերթն ընդգծում է, որ Անկարան երկակի ստանդարտներ է կիրառում արաբական աշխարհի երկրների նկատմամբ: «Մի կողմից Թուրքիան քննադատում է Իսրայելին, իսկ մյուս կողմից հերքում Հայոց ցեղասպանությունը»,- գրում է թերթը:

Շահան Քանդահարյանն իր հերթին ավելացրեց, որ Թուրքիան միաժամանակ միասնական ռազմավարություն է մշակում Սիրիայի, Լիբանանի ու Հորդանանի հետ: «Չնայած դրան, Թուրքիայի ու Իսրայելի միջեւ ռազմավարական գործընկերությունը շարունակվում է»,- ընդգծում է «Ազդակի» գլխավոր խմբագիրը:

Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` շուրջ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:

Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը եւ վարում է այդ փաստի ժխտման ներքին եւ արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը: