28 հունվարի 2010 - 14:56 AMT
Արցախյան պատերազմի մասնակիցների 99%-ը գերադասում են կրկին զենք վերցնել ձեռքը, քան խոսել զիջումների մասին


Մինչեւ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը չորոշվի, ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ ոչ մի բանակցությունների ու փոխզիջումների մասին խոսք անգամ լինել չի կարող: Այդ մասին «Սասունցի Դավիթ» ջոկատի հրամանատար Համլետ Հովսեփյանի եւ ազատամարտիկ Սամվել Մաթեւոսյանի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտնեց «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը: Նրա խոսքով, եթե հարկավոր լինի, նա ինքն առաջինը կամավոր կմարտնչի: «Եթե անգամ ես անիծեմ կյանքը, ես կմարտնչեմ, որովհետեւ դա իմ պարտքն է»,- ասաց Եղիազարյանը:

Համլետ Հովսեփյանն իր հերթին, անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցին, ասաց, որ իրեն միշտ մի հարց է հետաքրքրել` «Եթե Հայաստանը զիջումների է գնում, ապա ի՞նչ է զիջում Ադրբեջանը»` ավելացնելով, որ արցախյան պատերազմի մասնակիցների 99%-ը գերադասում են կրկին զենք վերցնել ձեռքը, քան խոսել զիջումների մասին:

Արցախի ազգային-ազատագրական պատերազմին ընդհանուր առմամբ 32 կամավոր ջոկատ է մասնակցել, որոնցում 200-1000 մարդ էր հաշվվում:

«Սասունցի Դավիթ» ջոկատի առաջին հրամանատարը լեգենդար Կոմանդոսն է եղել (Արկադի Տեր-Թադեւոսյան): Ջոկատում 500 հոգի էր հաշվվում: «Արաբո» ջոկատում կար 200 կամավոր: