1 փետրվարի 2010 - 20:49 AMT
«Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ» Հայաստանի բաց առաջնության գավաթակիր դարձավ «Դաֆ» երեւանյան թիմը


Հունվարի 31-ն խաղարկվել էր «Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ» Հայաստանի բաց առաջնության Գավաթը, որը կազմակերպվել էր «Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ» երեւանյան ակումբի եւ «Քաղծառայողների ասոցիացիայի» կողմից:

Խաղին մասնակցել է 30 թիմ Հայաստանից, ԼՂՀ-ից եւ Վրաստանից: «Քանի որ դա Հայաստանի բաց առաջնություն է, մենք իրավունք ունեինք թիմեր հրավիրել Սփյուռքից, թեեւ շատ դժվար է Արցախը եւ Ախալքալաքը սփյուռք անվանել», - ասել է PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում «Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ» ակումբի նախագահ Տիգրան Քոչարյանը: Նրա խոսքերով, բաց առաջնությունը միաժամանակ անցկացվում էր Երեւանում եւ ԼՂՀ-ում, քանի որ Արցախի թիմերը եղանակային պայմանների պատճառներով չկարողացան գալ Երեւան:

Առաջին երեք տեղերը զբաղեցրել են Երեւանի «Դաֆ», «Հայաստան» «Պերեզագրուզկա» թիմերը:

«Մենք երկու տարի համագործակցում ենք Հայաստանի քաղծառայողների ասոցիացիայի հետ, եւ արդեն կազմակերպել ենք նրանց հետ Հայաստանի բաց առաջնությունը, Երեւանի առաջնությունը եւ Բաց առաջնության գավաթը», ընդգծել է Քոչարյանը:

Նրա խոսքերով, 2010 թ-ի «Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ» առաջնությունը նախատեսվում է անցկացնել Ստեփանակերտում, քանի որ կազմակերպիչները ձգտում են զարգացնել խաղը Հայաստանից դուրս: Ակումբի ծրագրերում է անցկացնել նաեւ միջգերատեսչական առաջնություններ, որպեսզի բնակչությունը ավելի ակտիվ մասնակցի խաղին:

«Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ» ինտելեկտուալ խաղ է: Ստեղծվել է 1975 թ-ն հաղորդավար Վլադիմիր Վորոշիլիվի կողմից: Խաղի էությունը կայանում է նրանում, որ Գիտակների թիմը (6 մարդուց բաղկացած թիմ) պետք է պատասխանի Հեռուստադիտողների թիմի հարցերին: Գիտակները պետք է մեկ րոպեի ընթացքում կարողանան գտնել հարցի պատասխանը: