Ուելսի առաջին նախարար <b>Քարվին Ջոնսը</b> ճանաչել է <b>Հայոց ցեղասպանությունը</b>: Ինչպես հայտնել է PanARMENIAN.Net-ի թղթակցին անկախ ֆրանսիացի լրագրող Ժան Էքիյանը, Ուելսում Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը սկսվել է դեռ Ռոդրի Մորգանի ժամանակներից, որը . եղել էր առաջին նախարարը 2000-2009 թթ:
Հունվարի 27-ն <b>Հոլոքոստի</b> զոհերի հիշատակի միջազգային օրը Քարդիֆում տեղի ունեցավ միջոցառում, որին մասնակցել էր նաեւ Լոս Անջելեսից ժամանած ռաբբի Ահարոն Հիերը: Նա նույնպես ճանաչել է Հայոց ցեղասպանության փաստը:
Նույն օրը Քարդիֆի Հայոց ցեղասպանության հուշարձանին, որը պղծվել էր մոտ երկու տարի առաջ, ծաղկեպսակներ են դրվել հայկական համայնքի, ասորական եւ Ուելսի իրաքյան քրիստոնեական ասոցիացիայի սիրիացի անդամների կողմից:
Քարվին Ջոնսը` Մեծ Բրիտանիայի Լեյբորիստական կուսակցության անդամ է: Սպասվում է, որ նրա վրա լուրջ ճնշում կգործադրվի: Նրա կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը հարված կլինի Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն համար, որը սատարում է թուրքական կառավարության քաղաքականությունը:
Հիշեցնենք, որ 2002 թ-ն Ուելսի Ազգային Վեհաժողովը ճանաչել է Հայոց ցեղասպանության փաստը:
Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` շուրջ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:
Դեռեւս Ցեղասպանության իրագործման տարիներին` 1915-23թթ. տերությունները ընդունեցին հայերի կոտորածը դատապարտող բանաձեւեր: ԱՄՆ-ն երեք անգամ (1916, 1919, 1920) նմանատիպ բանաձեւեր է ընդունել, սակայն դա չկասեցրեց Օսմանյան կայսրության գործողությունները: 1915թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան եւ Ռուսաստանը հանդես եկան համատեղ հռչակագրով` դատապարտելով հայերի բնաջնջումը:
Հայոց ցեղասպանությունը ճանաչվել եւ դատապարտվել է աշխարհի շատ երկրների եւ ազդեցիկ միջազգային կազմակերպությունների կողմից: Պաշտոնապես առաջինը Հայոց ցեղասպանությունն ընդունել եւ դատապարտել է Ուրուգվայը 1965թ.: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաեւ Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի խտրականության կասեցման եւ փոքրամասնությունների պաշտպանության կանխարգելման ենթահանձնաժողովը, ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների գծով հանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Հայերի ոչնչացումը պաշտոնապես ցեղասպանություն են ճանաչել Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Բելգիան, Շվեդիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսի Հանրապետությունը, Լիբանանը, Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Կանադան, Վատիկանը, Ավստրալիան, ԱՄՆ-ի 44 նահանգները:
Բելգիայում եւ Շվեդիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն է սահմանված (45 հազար եվրո տուգանքից մինչեւ 1 տարվա ազատազրկում): 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանն օրինագիծ ընդունեց, որի համաձայն Հայոց ցեղասպանության ժխտումը կքրեականացվի, ինչպես Հոլոքոսթը:
Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաեւ մի շարք ազդեցիկ ԶԼՄ-ներ` The New York Tumes-ը, BBC-ին, The Washington Post-ը, THe Associated Press-ը:
Հայոց ցեղասպանության ճանաչումը պարտադիր պայման է ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության համար:
Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը եւ վարում է այդ փաստի ժխտման ներքին եւ արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:
Հոլոքոստը գերմանական նացիստների ու այլ երկրներից կոլաբորացիոնիստների կողմից նացիզմի միլիոնավոր զոհերի համակարգված հետապնդումն ու գնդակահարումն էր, որի զոհը դարձան հրեական ժողովրդի գրեթե մեկ երրորդը եւ այլ փոքրամասնությունների բազմաթիվ ներկայացուցիչներ, որոնք խտրականության, վայրենությունների ու դաժան սպանությունների ենթարկվեցին:
Շոան Եվրոպական հրեայության աղետն է` հրեաների կողմից եբրայերենով ու ավելի հազվադեպ` որոշ այլ լեզուներում օգտագործվող տերմին է` հրեական էթնոսի լայնազանգված ոչնչացման` գերմանական նացիստների քաղաքականությունը սահմանելու համար: Իսրայելի Յադ վա-Շեմ Աղետի ու հերոսության Ինստիտուտի չափանիշներով, Շոայի զոհ են համարվում նրանք, ովքեր «բնակվում էին օկուպացված տարածքներում նացիստական վարչակարգի պայմաններում եւ ոչնչացվել/զոհվել են զանգվածային գնդակահարությունների վայրերում, ճամբարներում, գետտոներում, բանտերում, ապաստարաններում, անտառներում, ինչպես նաեւ սպանվել են դիմադրելու փորձ կատարելիս (կազմակերպված կամ ոչ), որպես պարտիզանական շարժման, գաղտնարանի, ապստամբության մասնակից, սահմանի անօրինական հատման կամ փախուստի փորձ կատարելիս նացիստների եւ/կամ նրանց ենթակաների (ներառյալ տեղի բնակչությունը կամ ազգայնական խմբավորումները) ձեռքով»: Բացի դրանից, նրանց մեջ մտնում են նրանք, «ովքեր բռնագրավված տարածքներում են գտնվել եւ սպանվել/զոհվել են Գերմանիայի ու նրա դաշնակիցների զինված ուժերի հետ ուղղակի բախման, ռմբակոծությունների, փախուստի արդյունքում, 1941-1942թթ. էվակուացման ժամանակ»:
1949թ. Համաշխարհային հրեական կոնգրեսի կողմից Եվրոպայի երկրներում պատերազմից առաջ եւ հետո հրեաների թվի կատարած համեմատությունը հանգեցրեց այն եզրակացությանը, որ Աղետի ժամանակ զոհվածների թիվը կազմում է վեց միլիոն մարդ; այդ թիվն ամրագրված է գլխավոր ռազմական հանցագործների Նյուրնբերգյան գործընթացի, Էյխմանի գործընթացի վճիռներում եւ ճանաչվել է Աղետի վիճակագրության հարցերով գիտնականների միջազգային խորհրդակցության (Փարիզ, 1987թ.) մասնակիցների մեծ մասի կողմից, երբ քննարկվում էին 4,2-ից 6 միլիոն թվերը:
Աուշվից-Բիրկենաու ճամբարային համալիրը նացիստական Գերմանիայի կառուցած մահվան ամենախոշոր ու նշանակալից համալիրն էր: 1940թ. հունիսից 1945թ. հունվարն ընկած ժամանակահատվածում գերմանացիներն այստեղ ավելի քան մեկ միլիոն մարդ, հիմնականում հրեա են ոչնչացրել:
1945թ. հունվարի 27-ին Խորհրդային Բանակի զորքերն ազատագրեցին Աուշվիցը, որը գտնվում է Կրակովից 70 կիլոմետր հեռավորության վրա: Ֆաշիստական ճամբարներում 6 միլիոն հրեա եւ միլիոնավոր այլ ազգությունների մարդիկ են ոչնչացվել: Մազապուրծ եղած պատանդների վկայությամբ, այդ ճամբարներում մարդկանց հանդեպ բարբարոսական «փորձեր» էին կատարվում:
2005 թվականի հունվարին ՄԱԿ անդամ պետությունները ՄԱԿ Գլխավոր Վեհաժողովի հատուկ նստաշրջան անցկացրեցին` նվիրված նացիստական կենտրոնացման ճամբարների ազատման 60-ամյակին: Նստաշրջանում ընդունվեց հունվարի 27-ը Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օր հայտարարելու մասին բանաձեւը: