1 փետրվարի 2010 - 19:48 AMT
Գերմանիայում ՀՀ դեսպանը հանդիպեց հայ խաղաղապահների հետ


Հունվարի 28-ին Գերմանիայում Հայաստանի դեսպան Արմեն Մարտիրոսյանի գլխավորած պատվիրակությունը մեկնեց Գերմանիայի Բադեն-Վյուրտեմբերգի Գերմերսհայմ քաղաք եւ հանդիպեց այնտեղ տեղակայված հայ խաղաղապահների հետ, որոնք նախապատրաստական դասընթացներ են անցնում գերմանացի գործընկերների հետ Աֆղանստան մեկնելուց առաջ: Պատվիրակությունը հանդիպեց նաեւ «Գեներալ-Հանս-Գրաֆ-Սպոնեկ» անվամբ զորանոց-ուսումնական կենտրոնի հրամանատարական անձնակազմի հետ:

Հանդիպման ընթացքում հրամանատարական անձնակազմը մանրամասն ներկայացրեց ուսումնական ծրագրերը, որոնց յուրացումը անհրաժեշտ կլինի հայ խաղաղապահներին Աֆղանստանում առաջադրանքները կատարելիս: Զորամասի ղեկավարությունը բարձր գնահատեց զինծառայողների պատրաստվածությունը:

Դեսպան Մարտիրոսյանը հայ խաղաղապահներին Հայաստանի Հանրապետության Գլխավոր հրամանատար, նախագահ Սերժ Սարգսյանի անունից շնորհավորեց Հայոց բանակի տոնի կապակցությամբ եւ մաղթեց հաջողություն աֆղանական առաքելությունն իրականացնելիս:

2009թ. դեկտեմբերի 8-ին Հայաստանի խորհրդարանը հավանություն տվեց Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի կողմից ստորագրված համաձայնագրերին, որոնք կանոնակարգում են հայ խաղաղապահների Աֆղանստան գործուղման հետ կապված իրավական եւ ֆինանսական հարցերը, որոնք նախօրեին` դեկտեմբերի 7-ին, ՀՀ ԱԺ նիստում ներկայացրել էր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Հայաստանի պաշտպանության նախարարը հաղորդեց, որ հայ խաղաղապահների զորակազմը կծառայի գերմանական ռազմական ստորաբաժանման կազմում եւ կենթարկվի ՆԱՏՕ-ի Հյուսիսային տարածաշրջանային հրամանատարությանը:

Հայ խաղաղապահների խնդիրն է լինելու ապահովել Կունդուզ օդակայանի անվտանգությունը:

Հայաստանի Հանրապետության Զինված ուժերը կազմված են ցամաքային զորքերից, ռազմա-օդային ուժերից, հակա-օդային պաշտպանությունից եւ սահմանապահ զորքերից: Զինված ուժերի հրամանատարը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն է, պաշտպանության նախարարը` Սեյրան Օհանյանը, գլխավոր շտաբի պետն է Յուրի Խաչատուրովը: ՀՀ պաշտպանության նախարարությունը ստեղծվել է 1992թ. հունվարի 28-ին:

1992թ. Հայաստանը ՀԱՊԿ անդամ է: 1992թ. հուլիսից Հայաստանը Եվրոպայում սովորական սպառազինության մասին պայմանագրի անդամ է: Պայմանագրով սահմանափակում է մտցվում սովորական սպառազինութայն այնպիսի տեսակների վրա, ինչպիսիք են տանկերը, հրետանին, զրահատեխնիկան, մարտական ինքնաթիռները եւ ուղղաթիռները, եւ նախատեսում է սահմանափակել զորքերի քանակը:

1991թ-ից կառավարության որոշմամբ ստեղծվեց Պաշտպանության պետական կոմիտեն (Նախարարների խորհրդին կից): 1992թ. հունվարի 28-ին կայացվեց պատմական որոշում` «ՀՀ պաշտպանության մասին», որով օրինականացվեց Հայոց ազգային բանակի ստեղծումը: