29 հունվարի 2010 - 13:16 AMT
Հայաստանը պետք է մարտի 1-ն Արձանագրությունների վավերացման վերջնաժամկետ սահմանի Թուրքիայի համար


Հայաստանն այժմ իր պատմության ամենաճակատագրական պահերից մեկն է ապրում: Հատկապես այստեղ հարկ է նշել երկու գործընթաց, որոնք կարող են ճակատագրական հետեւանքներ ունենալ երկրի համար` հայ-թուրքական կարգավորումն ու ղարաբաղյան հակամարտության կարգավորումը: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Սահմանադրական իրավունք» միություն» կուսակցության առաջնորդ Հայկ Բաբուխանյանը:

Ըստ նրա, Հայաստանի ՍԴ որոշումից հետո Թուրքիան հայտնվեց փակուղում, եւ փորձում է ձգձգել Հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը, զիջումների հասնելու համար Հայաստանից ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: «Հայաստանը այլեւս չպետք է ղեկավարվի խաղի այդ օրենքներով: Հարկավոր է վերջնաժամկետ սահմանել Թուրքիայի համար Արձանագրությունների վավերացման հարցում, որպեսզի Անկարան այլեւս չկարողանա ժամանկն իր օգտին օգտագործել»,-ասել է Բաբուխանյանը: Ըստ նրա, Թուրքիան փորձում է ձգձգել վավերացումը մինչեւ ապրիլի 24-ը: Այդ ընթացքում նա կփորձի որեւէ զիջումների հասնել ղարաբաղյան կարգավորման հարցում, եւ միայն դրանից հետո, «որպես հաղթող», կվավերացնի Արձանագրությունները:

«Մենք պետք է մարտի 1-ն Արձանագրությունների վավերացման վերջնաժամկետ սահմանենք Թուրքիայի համար, եթե մինչ այդ օրը Թուրքիան չվավերացնի փաստաթղթերը, ապա մենք կսկսենք խոսել նրա հետ նախապայմանների լեզվով»,-ասել է Հ.Բաբուխանյանը: Ըստ նրա, Հայաստանը պետք է Անկարային ներկայացնի հետեւյալ նախապայմանները` ճանաչել Հայոց ցեղասպանությունը, պահանջել Ցեղասպանության արդյունքում հայ ժողովրդի կրած նյութական կորուստենրի փոխհատուցում 100 միլիարդ դոլարի չափով, եւ վերադարձնել պատմական հողերը: Ըստ Բաբուխանյանի, դրանով Հայաստանը կխուսափի ավելորդ ճնշումներից ղարաբաղյան կարգավորման հարցում:

Ընդ որում նա նշել է, որ առանձնապես ոչ մի մտահոգիչ բան տեղի չի ունենա, եթե հանկարծ գործընթացը ձախողվի եւ սահմանը երկրների միջեւ չբացվի: «Մենք ապրել ենք փակ սահմաններով բավական երկար եւ որոշ ժամանակ դեռեւս կարող ենք այդպես ապրել»,-ասել է Հայկ Բաբուխանյանը:

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: ՍԴ որոշման մեջ Արձանագրությունների վերաբերյալ ոչ մի նախապայմաններ չկան, քանի որ դա հակասում է վճռի կայացման սահմանված կանոնին: ՍԴ որոշման համաձայն Հայ-թուրքական արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն ու Հայաստանի Անկախության մասին հռչակագրին:

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը պաշտոնապես մեկնաբանել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունների վերաբերյալ Հայաստանի Սահմանադրական Դատարանի որոշումը: Ինչպես ասվում է Թուրքիայի ԱԳՆ կայքում տեղակայված հաղորդագրության մեջ, ՀՀ ՍԴ որոշման հիմնավորումը նախապայմաններ եւ սահմանափակող դրույթներ է պարունակում, որոնք հակասում են Արձանագրությունների տառին ու ոգուն:

«2010 թվականի հունվարի 12-ին Հայաստանի ՍԴ-ն երկրի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված Արձանագրությունները: ՍԴ որոշումը հրապարակվել է սեղմ տեքստով: Այդ որոշումը խարխլում է Արձանագրությունների շուրջ բանակցությունների էությունը, ինչպես նաեւ հիմնական նպատակները: Նման մոտեցումը չի կարող ընդունվել մեր կողմից»,- ասվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ:

Հաղորդագրության մեջ ասվում է, որ Թուրքիան, ըստ ստանձնած պարտավորությունների, հավատարիմ է մնում Արձանագրությունների դրույթներին եւ նույնն ակնկալում է հայկական կողմից:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը: