1 փետրվարի 2010 - 15:05 AMT
Ալեքսանդր Իսկանդարյան. Խելամիտ ժամկետը չափվում է ամիսներով, ոչ թե` տարիներով


Թուրքիայում փորձագետները բազմիցս են ասել, որ Արձանագրությունների վավերացման խելամիտ ժամկետը համարվում է ապրիլի 24-ը: Այդ ամսաթիվը մտավախություններ է առաջացնում նրանց մոտ, կապված ԱՄՆ նախագահի հայտարարության հետ: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը: Նրա խոսքերով, նա անձամբ մեծ հույսեր չի կապում Օբամայի հայտարարությունների հետ: «Չեմ կարծում, թե դա է իսկական «կարմիր գիծը» փաստաթղթերի վավերացման համար: Ինձ համար խելամիտ ժամկետը չափվում է ամիսներով, ոչ թե` տարիներով»,-ասել է Իսկանդարյանը` հավելելով, որ եթե Արձանագրությունները չվավերացվեն առաջիկա ամիսներին, ապա դա հազիվ թե ընդհանրապես տեղի ունենա:

«Ես այս գործընթացն անարդյունավետ չեմ համարում, քանի որ այստեղ առաջընթացի հնարավորությունը զրոյական չէ»,-ասել է Իսկանդարյանը` նշելով, որ չնայած նրան, որ հայ-թուրքական կարգավորման գործընթացն այժմ ավելի մեծ ռիսկի է ենթարկվում, քան դեկտեմբերին, կարելի է առաջխաղացման սպասել:

Ընդ որում նա նշել է, որ Թուրքիայի հանդեպ որոշակի ճնշում կա գերտերությունների կողմից, քանի որ նրանք շահագրգռված են, որ հարցը շուտափույթ լուծում ստանա:

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: ՍԴ որոշման մեջ Արձանագրությունների վերաբերյալ ոչ մի նախապայմաններ չկան, քանի որ դա հակասում է վճռի կայացման սահմանված կանոնին: ՍԴ որոշման համաձայն Հայ-թուրքական արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն ու Հայաստանի Անկախության մասին հռչակագրին: