13 փետրվարի 2010 - 13:13 AMT
ՀՀ Ժողովրդական կուսակցության առաջնորդը կողմ է ստատուս-կվոյի պահպանմանը Ղարաբաղում


Հայաստանի Ժողովրդական կուսակցության ղեկավար Տիգրան Կարապետյանը կողմ է, որ ստատուս-կվոն Ղարաբաղում պահպանվի: «Եթե ստատուս-կվոն պահպանվի, տարածաշրջանը կշարունակի մնալ գերտերությունների շահերի շրջանակում: Իսկ եթե հակամարտությունը հանգուցալուծվի, ԱՄՆ-ի ազդեցությունը կհասնի մինչեւ Կասպից ծով»,-մամլո ասուլիսի ժամանակ ասել է Տ.Կարապետյանը: Ըստ նրա, Վաշինգտոնի ազդեցության աճ Հայաստանում թույլ չտալու համար Ռուսաստանն այժմ խորացնում է համագործակցությունը Հայաստանի հետ տարբեր ոլորտներում:

Անդրադառնալով Արձանագրություններին` Տ.Կարապետյանը հայտարարել է, որ Թուրքիան հազիվ թե վավերացնի դրանք կամ էլ կվավերացնի վերապահումներով: «Անկարան հեռուն գնացող նպատականեր ունի: Նա ցանկանում է կյանքի կոչել պանթուրքիզմի գաղափարները, իսկ դրա համար նա չպետք է դեմ գնա Ադրբեջանի շահերին»,-ասել է Կարապետյանը:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունն իր ադրբեջանցի պաշտոնակցին հայ-թուրքական սահմանի բացմանը հրավիրելու պատրաստակամության մասին Կարապետյանը լավ դիվանագիտական քայլ համարեց: «Սակայն հարցը նրանում է, որ Ի.Ալիեւը մասնակցի այդ արարողությանը, քանի որ դա նրա համար սգո օր կլինի»,-ասել է Կարապետյանը: