13 փետրվարի 2010 - 13:00 AMT
Նյու Յորքում քննարկել են հայ-թուրքական հարաբերությունները


Փետրվարի 11-ին Նյու Յորքում անցկացվեց «Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատում, տարածաշրջանում անվտանգության եւ համագործակցության հեռանկարներ» թեմայով քննարկումը, որը համատեղ կազմակերպել էին «Ֆլեթչեր» ակումբը եւ «Սենչըրի» հիմնադրամը:
Քննարկումներին մասնակցում էին միջազգային իրավունքի եւ հարաբերություն-ների մասնագետներ, Նյու Յորքի գործարար եւ դիվանագիտական շրջանակների ներկայացուցիչներ: Միջոցառման բանախոսներն էին ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վիգեն Սարգսյանը եւ ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Կարեն Նազարյանը:

Անդրադառնալով տարածաշրջանում առկա մարտահրավերներին, Հայաստանի ներկայացուցիչները խոսել են Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման առնչությամբ Հայաստանի մոտեցումների մասին: Այս առթիվ նշվել է, որ հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը եւ դրանց դրույթների կատարումն ակնկալում եւ կարեւորում է ոչ միայն Հայաստանը, այլեւ միջազգային հանրությունը:

Բանախոսներն իրենց խոսքում անդրադարձել են ՀՀ Սահմանադրական դատարանի կայացրած որոշմանը` վերահաստատելով Հայաստանի կառուցողական կեցվածքը խնդրո առարկայի վերաբերյալ եւ կարեւորելով թուրքական կողմի ստանձնած միջազգային հանձնառությունների կատարման անհրաժեշտությունն, ինչը տարածաշրջանում կհանգեցնի համագործակցության բարենպաստ միջավայրի ստեղծմանը:

Հանդիպմանը բանախոսները ներկայացրել են նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային ներկա փուլի առնչությամբ Հայաստանի դիրքորոշումներն ու պատասխանել ներկաների բազմաթիվ հարցերին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: