12 փետրվարի 2010 - 20:41 AMT
Հայաստանի «ՏՀՏ լիդերների հանդիպում»-ֆորումը տեղի կունենա Աղվերանում


Փետրվարի 26-28-ը Աղվերանում տեղի կունենա «ՏՀՏ լիդերների հանդիպում»-ֆորումը: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին հաղորդեցին Հայաստանի Տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության մրցույթի կազմակերպչի մամլո ծառայությունից, այս անգամ ֆորումն ընդլայնել է իր շրջանակները եւ անդրադառնալու է ոչ միայն ՏՀՏ ոլորտում եղած խնդիրներին, այլեւ ՏՀՏ կիրառությանը տնտեսության այլ ոլորտներում: «Այն ընկերությունները, որոնք ցանկանում են կիրառել համակարգչային միջոցներն իրենց բիզնեսում եւ բարձրացնել իրենց բիզնեսի արդյունավետությունը, ապա այս միջոցառումը նրանց համար է,- ասում է ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյան եւ ավելացնում,- բացի այդ, սա լավ հնարավորություն է համատեղել հանգիստն ընտանիքի հետ եւ գործնական հադիպումները»,- ասաց Հայաստանի Տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն <b>Կարեն Վարդանյանը</b>:

«ՏՀՏ լիդերների հանդիպում»-ֆորումի օրակարգում լինելու են հետեւյալ թեմաները` ՏՀՏ գործիքները հաճախորդներին սպասարկելու համար, ՏՀՏ կիրառումը ֆինանսաբանկային ոլորտում, ՏՀՏ կիրառումը տուրիզմի, առեւտրի եւ պահեստավորման ոլորտներում, ՏՀՏ կիրառումը առողջապահական ոլորտում, դեղագործության եւ հեռաբժշկության լուծումներ, ՏՀՏ կիրառումը տրանսպորտային կազմակերպություններում: Ֆորումին ներկա կլինեն հայաստանյան առաջատար բիզնես ընկերությունների, ՏՀՏ ընկերությունների, նախարարությունների ու գերատեսչությունների, միջազգային կազմակերպությունների շուրջ 100 ղեկավարներ եւ ներկայացուցիչներ: