ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի փետրվարի 9-ին կայանալիք հանդիպումը հայ համայնքի ներկայացուցիչների հետ հետաձգվել է անորոշ ժամանակով: Ինչպես հաղորդում է «Armenian Weekly»-ին, Սպիտակ տան ներկայացուցիչը հաղորդել է, որ հանդիպումը, որի ժամանակ պետք է քննարկվեին Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին արձանագրությունները, հետաձգվել է Վաշինգտոնում վատ եղանակային պայմանների պատճառով:
Արձանագրությունների շուրջ Ամերիկայի հայկական կազմակերպությունների հետ խորհրդակցությունների մասին առաջարկը ԱՄՆ պետքարտուղարի նախաձեռնությունն էր: Հանդիպմանը մասնակցելու համար հրավիրվել էին Ամերիկայի Հայկական համագումարը, Ընդհանուր բարեգործական միությունը, ԱՄՆ-ում ՀԱԵ Արեւելյան եւ Արեւմտյան թեմերը, «Վարդանի ասպետները» կազմակերպությունները եւ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը, որի նախագահը նամակր էր հղել Քլինթոնին` տեղեկացնելով, որ ANCA-ն չի մասնակցի հանդիպմանը: