15 փետրվարի 2010 - 22:37 AMT
Հայաստանի եւ Ֆրանսիայի անվտանգության խորհուրդները կհամագործակցեն


Աշխատանքային այցով Ֆրանսիայի Հանրապետությունում գտնվող Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար <b>Արթուր Բաղդասարյանը</b> փետրվարի 15-ին հանդիպել է Ֆրանսիայի ազգային անվտանգության եւ պաշտպանության գլխավոր քարտուղար Ֆրանսիս Դելոնի հետ:

Արթուր Բաղդասարյանն ու Ֆրանսիս Դելոնը փոխադարձաբար ներկայացրել են Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի եւ Ֆրանսիայի Ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի գործառույթները: Քննարկվել են երկու կառույցների միջեւ հնարավոր համագործակցության շրջանակները: Պայմանավորվածություն է ձեռք բերվել Ֆրանսիայի եւ Հայաստանի անվտանգության խորհուրդների համագործակցության մասին:

Կողմերն անդրադարձել են նաեւ հարավկովկասյան տարածաշրջանին առնչվող խնդիրների:

Քննարկվել են հայ-թուրքական հարաբերություններին եւ ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող հարցեր: Հյուրընկալող կողմի խնդրանքով Արթուր Բաղդասարյանը ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը նշված խնդիրների վերաբերյալ: Նա մասնավորապես նշել է, որ Հայաստանը կողմ է հարեւան երկրների հետ հարաբերությունների կարգավորմանը, եւ տարածաշրջանում երկարատեւ խաղաղության ու կայունության հաստատմանը:

Արթուր Բաղդասարյանը Ֆրանսիս Դելոնին հրավիրել է Հայաստան: Հրավերը սիրով ընդունվել է:

Արթուր Բաղդասարյանը հանդիպել է նաեւ Ֆրանսիայի նախագահի դիվանագիտական խորհրդական Ժան-Դավիթ Լեվիտի հետ: Քննարկվել են Հայաստան-Ֆրանսիա երկկողմ հարաբերություններին եւ հարավկովկասյան տարածաշրջանին առնչվող հարցեր: Կարեւորվել է հայ-ֆրանսիական համագործակցության խորացումը բոլոր ուղղություններով: Անդրադարձ է եղել Հայաստանի` եւրոպական ինտեգրացման խնդիրներին, հաղորդում է Ազգային անվտանգության խորհրդի մամլո ծառայությունը: