16 փետրվարի 2010 - 19:37 AMT
Աստանան կգործադրի բոլոր ջանքերը ղարաբաղյան հակամարտության առաջին գծից դիպուկահարներին հեռացնելու համար


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է տարածաշրջանային այցով Երեւանում գտնվող Ղազախստանի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Կանատ Սաուդաբաեւին եւ նրան ուղեկցող պատվիրակությանը: Սերժ Սարգսյանը ողջունել է ԵԱՀԿ-ում Ղազախստանի նախագահությունը եւ գոհունակություն հայտնել Ղազախստանի հետ մեր երկրի համագործակցության ու քաղաքական երկխոսության ներկա մակարդակից: Նշելով, որ Հայաստանն ու Ղազախստանը դաշնակիցներ են, եւ որպես ՀԱՊԿ-ի անդամ պետություններ գտնվում են անվտանգության նույն համակարգում, Հայաստանի Հանրապետության նախագահը հույս է հայտնել, որ նախագահության ընթացքում կհաջողվի ընդլայնել երկու երկրների միջեւ երկկողմ ու բազմակողմ գործակցությունը:

«Վստահ եմ, որ տարածաշրջանային այս այցը Ձեզ հնարավորություն կտա առավել մոտիկից եւ հանգամանորեն ծանոթանալու առկա խնդիրներին եւ ներդրում ունենալու այդ խնդիրների լուծման հարցում»,- նշել է նախագահ Սարգսյանը:

ԵԱՀԿ գործող նախագահն իր հերթին շնորհակալություն է հայտնել Հայաստանի Հանրապետության նախագահին ԵԱՀԿ-ում իր երկրի նախագահությունը ստանձնելու գործում ցուցաբերած աջակցության համար եւ տեղեկացրել այդ ընթացքում Ղազախստանի առաջնահերթությունների, ինչպես նաեւ ԵԱՀԿ անդամ պետությունների ղեկավարների գագաթնաժողով կազմակերպելու մտադրության մասին:

ՀՀ նախագահը Ղազախստանի արտգործնախարարին տեղեկացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հայկական կողմի մոտեցումների մասին` ընդգծելով, որ Հայաստանի Հանրապետությունն ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը շահագրգռված են հակամարտության կարգավորմամբ, իսկ դրա լուծումը պետք է համաժամանակյա պատասխաններ տա հիմնախնդրի բուն պատճառներին ու հետեւանքներին:

Կանատ Սաուդաբաեւը ասել է, որ իրենք ըմբռնում են, որ կարճ ժամանակում դժվար է լուծել տարիներով ձգձգված հակամարտությունները, սակայն Ղազախստանն իր նախագահության ընթացքում կփորձի օգտակար լինել Մինսկի խմբի համանախագահների` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերին: Կանատ Սաուդաբաեւը նաեւ նշել է, որ հակամարտության լուծման ճանապարհին կարեւոր քայլ կարող է լինել դիպուկահարների հետքաշումը շփման գծում, ինչի ուղղությամբ ԵԱՀԿ-ն կգործադրի իր ողջ կարողությունները:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ տարածաշրջանային անվտանգությանը, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին, ԵԱՀԿ-ի այլ առաջնահերթություններից բխող հարցեր: Նախագահ Սարգսյանը մեր երկրի պատրաստակամությունն է հայտնել հետայսու եւս ակտիվորեն համագործակցելու ԵԱՀԿ-ի բոլոր ինստիտուտների հետ, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: