10 փետրվարի 2010 - 12:32 AMT
«Բանանց»-«Ռիեկա» խաղն ավարտվել է զրոյական ոչ ոքիով


«Բանանց» ֆուտբոլի ակումբը, որն այժմ Անթալիայում է (Թուրքիա), 2-րդ ստուգողական խաղն է անցկացրել առաջիկա սեզոնին նախապատրաստվելու շրջանակներում: Երեւանյան թիմի հերթական մրցակիցը «Ռիեկա» թիմն էր, որը հանդես է գալիս Խորվաթիայի բարձրագույն լիգայում: Խաղն ավարտվեց 0:0 հաշվով:

Ինչպես հաղորդում է ակումբի պաշտոնական կայքէջը, ուժեղ անձրեւն ու փոթորիկը հնարավորություն չտվեցին «Բանանցին» մարզումներ անցկացնել այս խաղից երկու օր առաջ:

«Բանանցի» մարզչական ակումբը հրաժարվել է Յարեմա Կավացիվայի ծառայություններից, որը փորձաշրջան էր անցնում թիմում: Այժմ «Բանանցում» փորձաշրջան են անցնում 3 նորեկներ, որոնցից մեկի` բրազիլացի Դուբալի հետ ակումբը հավանաբար պայմանագիր կկնքի: Իսկ պաշտպան Լովչիչի եւ բուլղարացի հարձակվող Վենդեվի ճակատագիրը կլուծվի հավաքի վերջում:

Հաջորդ խաղը «Բանանցը» կանցկացնի փետրվարի 13-ին: «Բանանցի» մրցակիցը կլինի «Մինսկ» ֆուտբոլի ակումբը: