17 փետրվարի 2010 - 14:29 AMT
Մինչեւ մարտի 4-ը Թուրքիան պետք է որոշակի քայլեր ձեռնարկի


Հայաստանը նախաձեռնել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը, եւ պետք է շարունակի այդ գործընթացը: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀԿ-ի խմբակցության անդամ Ռաֆիկ Պետրոսյանը: Նրա խոսքերով, Երեւանը ցույց կտա, որ հավատարիմ է մնում իր խոսքին»: Ընդ որում, նա նշել է, որ Հայաստանի խորհրդարանը 100%-ով կվավերացնի Արձանագրությունները, եթե Թուրքիան իր հերթին վավերացնի դրանք: Պետրոսյանը չբացառեց նաեւ այն, որ ՀՀ-ի խորհրդարանը ավելի շուտ կարող է սկսել Արձանագրությունների քննարկումը:

Անդրադառնալով Թուրքիայի կողմից Արձանագրությունների վավերացմանը` Պետրոսյանն ասել է, որ Հայաստանի համար վավերացման խելամիտ ժամկետը մինչեւ ապրիլի 24-ն է: «Սակայն, հաշվի առնելով այն փաստը, որ ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեն որոշել է մարտի 4-ին քվեարկության դնել Հայոց ցեղասպանության մասին թիվ 252 բանաձեւը, ապա խելամիտ ժամկետ կարելի է համարել տվյալ ամսաթիվը», - ասել է նա, եւ ավելացրել, որ եթե մինչ այդ Թուրքիան որեւէ քայլ չձեռնարկի, ապա Հայաստանն ավելի ակտիվ կաշխատի Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ:

Ընդ որում նա նշել է, որ գործընթացի ձախողման դեպքում, հարաբերություններն երկու երկրների միջեւ ավելի կվատթարանան, քան եղել են այդ գործընթացից առաջ: