2010թ. հունվարի 25-ին Մոսկվայում կայացած Անկախ բարեգործական հիմնադրամի «Տրիումֆ» մրցույթի պարգեւատրման արարողությանը մասնակցել է հայաստանցի երիտասարդ կոմպոզիտոր <b>Արփինե Կալինինան</b>` արժանանալով անվանական մեդալի:
«18 տարում առաջին անգամ Հայաստանի ներկայացուցիչը մասնակցեց այս մրցույթին եւ դարձավ նրա մրցանակակիրը: Մեծ պատիվ է արժանանալ մի պարգեւի, որը ժամանակին ստացել են Օլեգ Յանկովսկին, Մայա Պլիսեցկայան եւ համաշխարհային մակարդակի այլ աստղեր»,-Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է երիտասարդ կոմպոզիտոր, գեղարվեստական ղեկավար եւ «Կանթեղ» համույթի դաշնակահար Արփինե Կալինինան:
Նա պատմել է, որ մրցույթին նրան առաջարկել է մասնակցել հայ ժողովրդի մեծ բարեկամ, գրող Անդրեյ Բիտովը: «Լսելով իմ աշխատանքները, նա առաջարկեց ինձ երաժշտություն գրել իր ստեղծագործություններով, եւ ես մի քանի կոմպոզիցիա գրեցի նրա «Հարության ցիկլի» համար, որոնք հնչեցին նրա գրքի հայերերն թարգմանության շնորհանդեսին Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանում: Եվ հենց այդ երաժշտության համար ես ստացա «Տրիումֆ»-ի մրցանակը:
Անդրադառնալով «Կանթեղ» համույթի առաջիկա ծրագրերին` Արփինեն նշել է Մոսկվայի համերգը Սոնա Վանի գրքի շնորհանդեսի ժամանակ, եւ մարտին կայացած համերգը Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանում:
Հայ դասական երաժշտության «Կանթեղ» համույթը հիմնվել է 2007 թվականին: Համույթի նպատակն է ներկայացնել հայ դասական երաժշտությունը` ակունքներից մինչեւ մեր օրերը: Համույթի անդամներ են Անուշ Ղազարյանը (սոպրանո), Լուսինե Հարությունյանը (ջութակ) եւ Արփինե Կալինինան (ֆորտեպիանո եւ գեղարվեստական ղեկավար):
Արփինե Կալինինան Երեւանի պետական կոնսերվատորիայի կոմպոզիցիայի եւ դաշնամուրի 5-րդ կուրսի ուսանող է, մի քանի մրցույթների եւ համերգների մասնակից: Նրա ստեղծագործությունները հնչել են տարբեր համերգային դահլիճներում, այդ թվում նաեւ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում, Հայաստանի կոմպոզիտորների միությունում: Լեհ կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկին եւ բանաստեղծ Անդրեյ Բիտովը բարձր են գնահատում նրա տաղանդը: