17 փետրվարի 2010 - 17:21 AMT
Արձանագրությունների վավերացումն ու իրագործումն անհրաժեշտ պայման է Հայաստանի պոտենցիալի բացահայտման համար


Եթե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը, որը նախաձեռնվել է Հայաստանի կողմից եւ օժանդակվում է այնպիսի խաղացողների կողմից, ինչպիսիք են Ռուսաստանը, ԱՄՆ-ն ու Եվրամիությունը, հաջողությամբ է պսակվելու, ապա դա լուրջ կերպով կփոխի եւ կբարձրացնի Հայաստանի ու Թուրքիայի ռազմավարական նշանակությունը: Այդ մասին PanARMENIAN.Net-ին հայտնեց «Հայաստանի եվրոպական բարեկամներ» (EuFoA) կազմակերպության փորձագետ Սարգիս Գազարյանը:

Նրա խոսքով, Հայաստանի նորագույն պատմության մեջ քաղաքական եւ տնտեսության ծրագրման ռազմավարական իմաստով կարեւոր լուծումները ձեւավորվել են հետեւյալ աշխարհաքաղաքական պայմաններում` փակ սահման, անօրինական եւ միակողմանի շրջափակում:

«Արձանագրությունների վավերացումն ու իրագործումն անհրաժեշտ պայման է Հայաստանի եւ ողջ Հարավային Կովկասի պոտենցիալի բացահայտման համար: Այդ գործընթացի հաջողությունը կարող է վերջ դնել ազգայնականությանը տարածաշրջանում»,- ասաց Գազարյանը: Նա նշեց, որ տարածաշրջանում աննախադեպ բարեփոխումներ են տեղի ունենում, եւ այսօր Հայաստանը ներդրում է կատարում մի քանի տարի առաջ անհնար թվացող գործում:

«Այժմ թուրքական կողմի հերթն է ապացուցելու իր հավատարմությունն այդ գործընթացին` առանց նախապայմանների եւ վերապահումների վավերացնելով Արձանագրությունները: Վերջիվերջո, խոսքը գնում է Թուրքիայի ապահովության մասին` որպես միջազգային հանրության անդամ եւ ԵՄ-ին անդամակցելու թեկնածու»,- ասաց փորձագետը: