«Ժառանգությունը» պահանջում է, որ հայ-թուրքական ստորագրված արձանագրությունները քննարկվեն ոչ միայն մեկ հանձնաժողովում, այլեւ բոլոր 12 մշտական հանձնաժողովներում եւ յուրաքանչյուր հանձնախմբի եզրակացության ավարտից հետո խորհրդարանական քննարկումներ անցկացվեն: Այս մասին Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ասել է «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը:
Նրա խոսքերի համաձայն, ՀՀ ԱԺ պաշտպանության, ներքին գործերի եւ ազգային անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը դրականորեն է արձագանքել «Ժառանգության» այս առաջարկին: «ԱԺ մյուս հանձնաժողովներից մենք դեռեւս պատասխան չենք ստացել», - ասել է նա:
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին արձանագրությունների ներկա գործընթացի վերաբերյալ Լ. Ալավերդյանն ասել է, որ միջազգային կազմակերպությունները, թեեւ իրենց շահերից ելնելով դեռեւս հայ-թուրքական հարաբերությունները չեն կապում Ղարաբաղի հարցի հետ, սակայն դա չի նշանակում, որ հետագայում նրանց այս դիրքորոշումը չի փոխվի: «Արձանագրություններում կետեր կան, որոնք Թուրքիային հնարավորություն են տալիս,եթե ոչ այսօր, ապա հետագայում բարձրացնել ղարաբաղյան հիմնախնդրի հարցը», - ընդգծել է Լարիսա Ալավերդյանը: