<b>Իտալիայի Սենատը</b> ընդունել է «Հարավային Կովկասի իրավիճակի մասին» առաջարկությունը, որտեղ ասվում է, որ տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատումը եւ ԵՄ-ի «Արեւելյան գործընկերություն» նախաձեռնության մասնակից երկրների եւ ԵՄ-ն անդամ երկրների միջեւ բարեկամական հարաբերությունների խրախուսումն Իտալիայի արտաքին քաղաքականության կարեւոր խնդիրն է:
«Հայաստանը, Ադրբեջանը եւ Վրաստանը աշխարհագրական տեսակետից կամուրջ են հանդիսանում Եվրոպայի եւ Ասիայի միջեւ, եւ կարեւոր խաչմերուկ են էներգառեսուրսների ցամաքային տարանցման համար», - ասված է Սենատի առաջարկությունում: Իտալիայի Սենատի պատգամավորները փաստաթղթում ընդգծել են, որ 2008 թ-ի օգոստոսյան հակամարտությունը Վրաստանում, միջազգային հանրության ուշադրությունը դարձրեց Հարավային Կովկասի փխրուն աշխարհաքաղաքական իրավիճակին, դրանով ապացուցելով, որ չլուծված տարածաշրջանային հակամարտությունները կարող են ուժեղացնել լարվածությունը, ընդհուպ մինչեւ զինված բախմանը:
«Իտալիայի կառավարությունը վճռականորեն հանդես է գալիս տարածաշրջանում հակամարտությունների խաղաղ լուծման օգտին», - ասվում է առաջարկությունում: Փաստաթղթում ասվում է նաեւ, որ Սենատը բավարարվածությամբ նշում է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների բարելավումը, եւ բարձր է գնահատում ԵԱՀԿ ՄԽ-ի շրջանակում Ռուսաստանի միջնորդական ջանքերը:
«Մենք սատարում ենք ԵՄ-ի եւ ԵԱՀԿ ՄԽ-ի միջնորդական ջանքերին, որոնք ուղղված են ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը` Ղարաբաղի վերաբերյալ ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի եւ ԵԽ-ի բանաձեւերի լիակատար կիրառման ապահովման դեպքում: Մենք կոչ ենք անում, որպեսզի ձեռնարկվեն բոլոր անհրաժեշտ քայլերը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ չլուծված խնդիրները կարգավորելու համար», - ասվում է առաջարկության մեջ:
<b>ԵԱՀԿ Մինսկի խումբ</b>: Մինսկում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ միջազգային համաժողով հրավիրելու մասին որոշումն ընդունվեց 1992թ. մարտի 24-ին ԵԱՀԿ անդամ երկրների Նախարարների Խորհրդի արտակարգ նիստի ժամանակ: Մինսկի համաժողովի պատրաստման գործընթացի մեջ ներգրավված երկրները` Բուլղարիան, Գերմանիան, Իտալիան, Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Թուրքիան, Ֆրանսիան, Չեխոսլովակիան, Շվեդիան, կազմեցին Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ զինված հակամարտության կարգավորման Մինսկի շփման խումբը:
ԵԱՀԿ Մինսկի խմբի հիմնական նպատակը ղարաբաղյան հակամարտության լուծումն է, նրա դիտորդները հետեւում են հակամարտող կողմերի միջեւ զինադադարի պահպանմանը: 1993-ին Մինսկի խումբը հակամարտության կարգավորման ծրագիր առաջարկեց («Ճշգրտված գրաֆիկ»), սակայն ոչ Հայաստանը, ոչ էլ Ադրբեջանը չընդունեցին այդ դրույթները: 1994-ին երկու կողմերը Ռուսաստանի միջնորդությամբ պայմանավորվեցին հրադադարի մասին ոչ պաշտոնական համաձայնություն պահպանել, որը գործում է մինչ օրս: ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն են Ռուսաստանը, Ֆրանսիան եւ ԱՄՆ-ն:
Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ հաշտության պայմանագրի մշակմամբ եւ առաջադրմամբ զբաղվում է ԵԱՀԿ Բարձր մակարդակի ծրագրման խումբը (ԲՄԾԽ):
<b>Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը</b> սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը: