10 փետրվարի 2010 - 18:58 AMT
Հայաստանը մասնակցում է Իրանում անցկացվող «Արմեքս 2010» միջազգային ֆորումին


ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանը մասնակցում է Իրանի Իսլամական Հանրապետությունում փետրվարի 9-10-ը անցկացվող «Ներդրումային եւ առեւտրային հնարավորությունները Հայաստանում» թեմայով` «Արմեքս 2010» միջազգային համաժողովին, հաղորդում է նախարարության մամլո ծառայությունը:

Ողջունելով համաժողովի մասնակիցներին` նախարարը նշել է, որ միջոցառման նպատակը Հայաստանի Հանրապետության տնտեսության ներդրումային մեծ ունակություն ունեցող բնագավառների ներկայացումն է եւ համագործակցության նոր եզրերի ի հայտ բերումը:

Խոսելով ներդրումային ծրագրերի մասին` Գ.Սարգսյանն անդրադարձել է տրանսպորտի եւ հաղորդակցության բնագավառներին նշելով, որ այդ երկու ճյուղերը մեծ դեր ունեն տնտեսության ընդհանուր զարգացման գործում: Մասնավորապես, նախարարն առանձնացրել է «Հյուսիս-Հարավ» ավտոմոբիլային ճանապարհի կառուցման եւ Հայաստան-Իրան երկաթուղու կառուցման նախագծերը:

Գ.Սարգսյանը նշել է, որ երկու բարեկամական երկրների միջեւ ուղիղ երկաթուղային կապի ստեղծումը կհանդիսանա ոչ միայն խթանիչ ուժ երկկողմ բեռնաշրջանառության համար, այլեւ կկապի Պարսից ծոցի եւ Սեւ ծովի խոշորագույն նավահանգիստները` հնարավորություն ստեղծելով անհամեմատ մեծացնել Իրանի եւ Հայաստանի տարանացիկ նշանակությունը, իսկ «Հյուսիս-Հարավ» ավտոմոբիլային ճանապարհի կառուցումը կբարձրացնի ներկայիս գործող Իրանի հետ սահմանամերձ Մեղրի քաղաքից մինչեւ վրացական Փոթի եւ Բաթումի նավահանգիստներ տանող ավտոմոբիլային ճանապարհի թե' որակը եւ թե' թողունակությունը:

Գ.Սարգսյանը մանրամասն ներկայացրել է երկու նախագծերի իրականացման ընթացքը եւ պատրաստակամություն հայտնել քննարկելու իրանական ընկերությունների մասնակցությունը նախագծերի իրականացման բոլոր փուլերին: