18 փետրվարի 2010 - 11:26 AMT
Անկարան եւ Երուսաղեմը համակարգում են իրենց գործողությունները Կովկասի իրավիճակի արդիական հարցերի վերաբերյալ


Չնայած իսրայելա-թուրքական հարաբերություններում շարունակվող ճգնաժամին, Անկարան եւ Երուսաղեմը պահպանում են իրենց համակարգումը Կովկասի իրավիճակի արդիական հարցերի վերաբերյալ: Փետրվարի 16-ին տվյալ թեմայով Անկարայում երկու երկրների միջեւ տեղի ունեցան բարձրաստիճան դիվանագիտական ներկայացուցիչների խորհրդատվություններ: Այդ նպատակով աշխատանքային այցով Անկարա այցելեց Իսրայելի ԱԳՆ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Պինհաս Ավիվին: Նա գլխավորում է Կենտրոնական Եվրոպայի եւ Եվրասիայի դեպարտամենտը: Ավիվին դիվանագիտական վարչության մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ անցկացրել է խորհրդատվություններ: Նա հաղորդել է, որ թուրք պաշտոնակիցների հետ քննարկել է «երրորդ երկրներում» փոխազդեցության հարցերը: Հատուկ ուշադրություն դարձվեց Հարավային Կովկասին:
Ավիվիի խոսքերով, նրա զրուցակիցները հաստատեցին, որ Թուրքիան Ադրբեջանի «մտերիմ ընկերn է» մնում, սակայն մտադիր է պայմանագիր ստորագրել Հայաստանի հետ, ընդ որում չմոռանալով Ղարաբաղում ադրբեջանցիների իրավունքի պաշտպանության մասին:

Պատասխանելով IzRus պորտալի հարցին` խորհրդարանական կոալիցիայի նախագահ Զեվա Էլկինի այն հայտարարության վերաբերյալ թե Հայոց ցեղասպանության ճանաչման մասին Իսրայելի նախաձեռնությունը դուրս չի եկել օրակարգից եւ շուտով կքննարկվի Քնեսսեթում, Ավիվին հայտարարել է. «Մեր պաշտոնական դիրքորոշումը հետեւյալն է` այդ հարցը պետք է լուծվի Հայաստանի եւ Թուրքիայի կողմից, եւ ոչ թե մեր մասնակցությամբ: Առավել եւս, որ կողմերը սկսել են բանակցել իրար հետ: Մենք դեմ ենք նրան, որպեսզի երրորդ կողմը միջամտի նրանց միջեւ տեղի ունեցող բանակցություններին»: