«Միջազգային կառույցների, մասնավորապես ԵԽԽՎ-ի, գնահատականները 2008 թ-ի մարտի մեկի իրադարձությունների վերաբերյալ նոր որակումներ են ստանում», - Երեւանում կայացած մամլո ասուլիսում ասել է ՀԱԿ-ի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը:
Նրա խոսքերով, միջազգային կառույցները գտնում են, որ իրականում ոստիկանության եւ ժողովրդի միջեւ լույս մարտի 1-ի գիշերը տեղի ունեցած դեպքերը հասարակ բախումներ չէին: Այն իշխանությունների կողմից կազմակերպված «սպանդ» էր:
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ, նա նշել է, որ կարգավորման տրամաբանությունից տեղափոխվել է հակամարտության տրամաբանության ոլորտ: «Տվյալ պահին միջազգային հանրությունը պարտադրում է Հայաստանին, որ նա առաջինը ստորագրի Արձանագրությունները, ինչի մասին վերջերս ակնարկեցին իշխող կուսակցության պատգամավորները», - նշել է նա:
Դրա հետ մեկտեղ ՀԱԿ-ի ներկայացուցիչը նշել է, որ հայ-թուրքական մերձեցման գործընթացը սկսել է ոչ թե Հայաստանը, այլ Ռուսաստանը: «Սակայն ռուսական կողմին պետք էր Արձանագրությունների ստորագրումը, եւ ոչ թե սահմանի բացումը», - ընդգծել է նա:
Ինչ վերաբերվում է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, ապա Շահնազարյանի խոսքերով, Ռուսաստանը ներկայումս ձգտում է փոխել ԵԱՀԿ ՄԽ-ի ձեւաչափը, կամ սկսել զուգահեռ կարգավորում: «Դրա մասին վկայում է Սոչիում կայացած Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը, որտեղ կողմերը պայմանավորվեցին երկու շաբաթվա ընթացքում ներկայացնել իրենց առաջարկությունները ոչ թե Մինսկի խմբին, այլ Ռուսաստանին», - ասել է նա: Նրա խոսքերով, Ռուսաստանը չի կարողանա հասնել խնդրի զուգահեռ կարգավորմանը, նա ամենայն հավանականությամբ ձգտում է ձգձգել ղարաբաղյան խնդրի լուծումը:
<b>Հայ ազգային կոնգրես</b>: 2008թ. փետրվարի 19-ի ընտրություններից առաջ, նախագահության թեկնածու, Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի շուրջ ձեւավորվեց նախընտրական դաշինք, որն ոչ պաշտոնապես սկսեց կոչվել համաժողովրդական շարժում, որի կազմում ընդգրկվեցին շուրջ 20 քաղաքական կուսակցություններ եւ շարժումներ: 2008թ. մայիսի 2-ին Համաժողովրդական շարժման 2-րդ կոնգրեսում Լեւոն Տեր-Պետրոսյանն առաջադրեց Հայ ազգային կոնգրես ստեղծելու գաղափարը: 2008թ. օգոստոսի 1-ին հանրահավաքի ժամանակ հիմնվեց Հայ ազգային կոնգրեսը: ՀԱԿ-ի հիմնական պահանջներն են քաղբանտարկյալների ազատ արձակումը, քաղաքացիների սահմանադրական իրավունքների վերականգնումը եւ արտահերթ ընտրությունների անցկացումը:
<b>Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունները</b> ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: ՍԴ որոշման մեջ Արձանագրությունների վերաբերյալ ոչ մի նախապայմաններ չկան, քանի որ դա հակասում է վճռի կայացման սահմանված կանոնին: ՍԴ վճիռը հայտնում է. հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն ու Հայաստանի Անկախության մասին հռչակագրին:
<b>Արցախի Հանրապետություն (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)</b>: 1923թ., հաշվի չառնելով Լեռնային Ղարաբաղի բնակչության կարծիքը, ՌԿԿ(բ) Կովկասի բյուրոյի որոշմամբ Ադրբեջանական ԽՍՀ կազմում ստեղծվեց Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ: 65 տարի անց, Լեռնային Ղարաբաղում ժողովրդական շարժում սկսվեց Հայաստանի հետ վերամիավորվելու նպատակով, ինչը հավանության չարժանացավ ԽՍՀՄ իշխանությունների կողմից: 1991թ. սեպտեմբերի 2-ին ԼՂԻՄ եւ Շահումյանի շրջանի Ժողովրդական պատգամավորների խորհրդի համատեղ նիստում ԽՍՀՄ կազմում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ԼՂԻՄ-ի եւ Շահումյանի շրջանի սահմաններում, որոնց բնակչությունը հիմնականում հայեր էին: 1991թ. դեկտեմբերի 10-ին անցկացվեց ԼՂՀ անկախության հանրաքվեն: 1991թ. դեկտեմբերի 28-ին անցկացվեցին խորհրդարանական ընտրություններ, որոնց արդյունքում կազմավորվեց առաջին կառավարությունը:
1991 թվականի աշնանն Ադրբեջանում սկսվեցին ռազմական գործողություններ, որոնց ընթացքում նրան հաջողվեց վերահսկողություն սահմանել Շահումյանի շրջանում եւ բռնազավթել ԼՂՀ Մարտակերտի, Հադրութի եւ Մարտունու շրջանների մեծ մասը: 1993թ. կեսից պատասխան ռազմական գործողությունների արդյունքում, ԼՂՀ-ն վերականգնեց վերահսկողությունը գրեթե իր ողջ տարածքում: 1994թ. հրադադարի մասին համաձայնագրի ստորագրումից հետո ԼՂՀ վերահսկողության տակ են շարունակում մնալ նաեւ Ադրբեջանի Քելբաջարի, Լաչինի, Կուբաթլիի, Ջաբրահիլի, Զանգելանի շրջաններն եւ Աղդամի ու Ֆիզուլիի շրջանների մի մասը (անվտանգության գոտի): Հետագայում, ԼՂՀ Սահմանադրության 142 հոդվածում նշված է, որ մինչ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական տարածքի ամբողջականության վերականգնումը եւ սահմանների հստակեցումը, հանրային իշխանությունն իրականացվում է այն տարածքում, որը փաստացի գտնվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իրավասության տակ: